Home / Հայաստան / ՀՀ դատարաններում վարկային կազմակերպությանը պարտված գյուղատնտեսը դիմելու է ՄԻԵԴ

ՀՀ դատարաններում վարկային կազմակերպությանը պարտված գյուղատնտեսը դիմելու է ՄԻԵԴ

Բանկերն ավելի պաշտպանված են այս երկրում, քան քաղաքացիները, բանկերը ունեն դատարանների և պետության աջակցությունը, ուստի անվախ թալանում են մարդկանց: Epress.am-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել Լարիսա Ասերյանը, ով պարտվել է դատական վեճը «Ջի-էֆ-Սի ջեներալ ֆայնենշլ ընդ քրեդիթ քոմփանի» վարկային կազմակերպությանը։

Ասերյանը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը, բայց այն մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից, իսկ Վճռաբեկի կողմից նույնիսկ վարույթ չի ընդունվել:

Ասրյանը երկու անգամ դիմել է Սերժ Սարգսյանին․ վերջինիս գրասենյակից նրան պատասխանել են, որ նախագահը իրավունք չունի միջամտել դատական գործերին: Նույն պատասխանը տվել է նաև Արմավիրի մարզպետարանը, որին ՀՀ կառավարությունը փոխանցել էր Ասրյանի բողոքը։

Այժմ Ասերյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գյուղատնտեսը պատրաստվում է նաև դիմել դատախազութուն՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարկային կազմակերպության դեմ:

Ավելի վաղ Ասերյանը ներկայացրել էր, որ վարկային կազմակերպությունը դատական կարգով պահանջել է, որպեսզի վարկառուն փակի 5-ամյա գյուղվարկը՝ վարկը վերցնելուց մեկ տարի հետո: Ասրյանն ասում է, որ պայմանագրի ոչ մի կետ չի խախտել, և գումար պահանջելով՝ կազմակերպությունը թույլ չի տվել, որ ինքը աշխատի, մշակի ջերմոցային տնտեսությունը և վարկը փակի:

«Դատարանի վճիռում գոնե պարզաբանում գրեին նորմալ։ Գրել են, որ մեր դեմ վճիռը պայմանավորված է նրանով, որ հայցվորը՝ վարկային կազմակերպությունը, խնդրել է բավարարել հայցը: Այսինքն, բանկի խնդրանքը հերի՞ք է դատարանի համար: Դատարանը չի հիմնավորում նաև, թե ինչու հաշվի չի առել փորձագիտական եզրակացությունը, որն ինքն էր նշանակել և որը ցույց էր տվել, որ ես պարտք չունեմ», – ասել է Լարիսա Ասերյանը:

Մեզ հետ զրույցում վարկային կազմակերպության ներկայացուցիչը Ասերյանի խոսքերը ապատեղեկատվություն էր որակել։ «Ջի-էֆ-Սի»-ի իրավաբան Համլետ Գրիգորյանը նշել էր, որ Լարիսա Ասրյանի ամուսինը՝ Արծրուն Սարիբեկյանը ժամկետանց վարկ է ունեցել և կազմակերպությունը, համաձայն նպատակային վարկի պայմանագրի, հետ է պահանջել գումարը, քանի որ նա դադարել է վճարումներ կատարել 2012 թվականի նոյեմբեր ամսից ի վեր: Ըստ Համլետ Գրիգորյանի` «գործ ունենք դասական խնդրահարույց վարկի և անպարտաճանաչ հաճախորդի և նրա ընտանիքի անդամի հետ, որոնք ստացված վարկի մարումը ժամանակին իրականացնելու փոխարեն չեն զլանում ժամանակ և ռեսուրսներ վատնել, կազմակերպության հասցեին ավելորդ և ոչնչով չհիմնավորված բառեր հնչեցնելու համար»: