Home / Տեսանյութեր / Պարզ հարց, բարդ պատասխան․ ԱԺ-ում խոսել են Վոլոդյա Ավետիսյանի մասին

Պարզ հարց, բարդ պատասխան․ ԱԺ-ում խոսել են Վոլոդյա Ավետիսյանի մասին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում պնդել է, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ չունի։ Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին։ Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ անցյալ տարվա մայիսից ազատամարտիկներն իրենց իրավունքների համար պայքար են սկսել, և Վոլոդյա Ավետիսյանը խնդիրները բարձրաձայնել է Օհանյանի հետ հանդիպման ժամանակ, որից հետո նրան ձերբակալել են խարդախության մեղադրանքով։ Հետագայում ԱԺ-ն համաներում է հայտարարել, սակայն Ավետիսյանի հոդվածին խարդախության մեղադրանքով ևս մի դրվագ է ավելացվել և նա համաներմամբ չի ազատվել, ինչը, ըստ Փաշինյանի, հիմք է տալիս կարծել, թե ազատամարտիկի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Օհանյանն իր պատասխանում ասել է, որ ինքը Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ է ձեռք բերել առ այն, որ ինքը ճշտումներ կկատարի «հանրապետության ղեկավարության մոտ», բայց Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը՝ չսպասելով իր ճշտումներին և շարունակելով բողոքի ակցիաները։

«Արդյունքում նրանք նորից շարունակել են իրենց գործընթացը։ Ինչևէ, որևէ քաղաքական հետապնդում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ չկա», – հայտարարել է Օհանյանը։

Նա նաև նշել է, որ եթե Վոլոդյա Ավետիսյանը ունենար «ավելի հատկանիշներ», ծառայության ընթացքում պաշտոնական ծառայության աճով կավելանար։

«Սա ինչու եմ ասում, որովհետև երբեմն լսում եմ մեկնաբանություններ, որոնք որ ավելին են, քան մեկ անձը ծառայողական կամ մարտական գործողությունների ժամանակ ունեցել է», – հայտարարել է նախարարը։

Փաշինյանը կրկին մոտեցել է խոսափողին և նշել, որ հանրությունը ցանկանում է պատասխաններ ստանալ այդ գործի առնչությամբ։

Նա ընդգծել է, որ Օհանյանի խոսքի այն հատվածից, որն առնչվում է պայմանավորվածություններին Ավետիսյանի հետ, տպավորություն է ստեղծվում, որ Վոլոդյա Ավետիսյանին դատում են ոչ թե քրեական օրենսգրքի ինչ-որ հոդված խախտելու համար, այլ երկրի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու համար։

«Ի դեպ ասեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա էդպիսի հոդված, ասենք, Սերժ Սարգսյանի ասածը չանելու համար քրեական պատասխանատվություն, կամ պաշտպանության նախարարի ասածը չանելու համար պատասխանատվություն։ Ես հենց դա եմ ասում։ Էդ ժամանակագրությունը ցանկացած բանական մարդ, որ կարդա, նրա մոտ լրջագույն կասկածներ կառաջանան, որ սա տիպիկ քաղաքական հետապնդում է…

…Ես ուզում եմ իմ կարծիքը հայտնել։ Բանակի մարտունակությունը կախված չէ զինատեսակներից, բանակի մարտունակությունը կախված է նաև նրանից, թե պետությունը ինչ վերաբերմունք է ցույց տալիս իր սպաների նկատմամբ։ Էլի եմ ասում, առնվազն համաներման հետ կապված դրվագը, գալիս է ու ամբողջացնում է այս պատկերը, ապացուցում է, որ մարդուն ընդամենը շինծու գործով դատում են Սերժ Սարգսյանի ասածը չանելու համար», – ասել է Փաշինյանը։

Սեյրան Օհանյանը ասել է, որ պատգամավորն իր խոսքերի մեջ բան է ասում, որը «չի համապատասխանում այս ամբիոնից ասածիս»։

«Ես չասացի, որ նրա նկատմամբ հետապնդում են կատարում հենց քաղաքական խնդիրների առումով։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված ոչ թե նրա համար, որ նա խախտել է պայմանավորվածությունները։ Ես երևի թե գիտեմ՝ ինչ է բանակ, ինչ է պայմանավորվածություն, ինչ է մարտունակություն։ Եվ նաև գիտեմ, թե ինչ է նշանակում բանակի հետ միասին ժողովրդի հենց գաղափարական պատրաստականություն։ Այսպիսի մեկնաբանությունները ոչնչով չեն ավելացնում մեր ժողովրդի գաղափարական պատրաստականությունը։ Եվ ես ասացի, որ իմ համար վիրավորական է, որ մեր նախկին սպաները զբաղվում են այնպիսի խախտումներով, որոնց դեմ Պաշտպանության նախարարությունն է պայքարում։ Եվ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված խարդախության առումով, և խարդախության առումով էլ հենց այդ քրեական գործի ընթացքը պետք է շարունակվի։ Ոչ ավելին։ Ինչ է նշանակում բանակի մարտունակություն՝ ես գիտեմ։ Կներեք, չարտահայտվեմ այստեղ, որովհետև կարող եմ մի քանի ժամ ասել՝ ինչ է նշանակում բանակի մարտունակություն։ Շնորհակալություն», – ասել է Օհանյանը։