Home / Տեսանյութեր / Երկու ՓՀԷԿ-եր կառուցվում են արգելավայրերի տարածքում․ բնապահպաններն ահազանգում են

Երկու ՓՀԷԿ-եր կառուցվում են արգելավայրերի տարածքում․ բնապահպաններն ահազանգում են

«Արփա-3» և «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-երը կառուցվում են պետական արգելավայրերի տարածքներում և պետք է ստանան բացասական եզրակացություն: Այսօր տարածած հայտարարության մեջ նման պնդմամբ է հանդես եկել «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը։

Այսօր նախաձեռնության անդամները խնդրի վերաբերյալ պաշտոնական նամակ են ներկայացրել բնապահպանության նախարարություն։

««Ջինջ Արփա» ՍՊԸ-ն 2014 թվականի փետրվարի 14-ին փորձաքննության է ներկայացրվել «Արփա-3» ՓՀԷԿ-ի շինարարության նախագիծը, որտեղ նշված է, որ տվյալ ՓՀԷԿ-ի կառուցվածքների զբաղեցնող տարածքներն ընդգրկված չեն «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրի տարածաշրջանում և գտնվում են ավելի քան 2 կմ հեռավորության վրա: Մենք ուսումնասիրեցինք արգելավայրի տեղադիրքը, կանոնադրությունն ու սահմանների նկարագիրը և համեմատեցինք դրանք նախատեսվող ՓՀԷԿ-ի կառույցների տեղադիրքի հետ:

Պարզվում է, որ «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրը գտնվում է ծովի մակարդակից 2100-2470 մ բարձրության վրա, Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում` ակունքից մինչև եզրափակման կետը՝ «Ջերմուկ» առողջարանի հիդրոլոգիական կետը: Իսկ արգելավայրի կանոնադրության 6-րդ կետում հստակ գրված է, որ այդ տարածքում արգելվում է` նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու գետերից ջրառը: Քանի որ «Արփա-3» ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Արփա գետի վրա` ծովի մակարդակից 2146-2287 մ բարձրության վրա, պարզ է, որ այն ուղղակի չի կարող արգելավայրի տարածքից դուրս գտնվել: Հետևաբար, այս նախագծին բնապահպանության նախարարությունը միանշանակ պետք է տա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացասական եզրակացություն:

Ինչ վերաբերում է «Մեգաէներջի» ՍՊԸ-ին, որը վերջին 2 տարվա ընթացքում մի քանի անգամ բնապահպանական փորձաքննության է ներկայացնում Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի անընդհատ փոփոխվող նախագծերը, ապա թվով երրորդ նախագծի հանրային լսումները կայացան փետրվարի 17-ին:

Այս նախագծում, ինչպես նախորդներում, նույնպես նշված է, որ ուսումնասիրվող տարածաշրջանում բնության հատուկ պահպանվող տարածքներ (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր) չկան: Լսումների ժամանակ Համահայկական բնապահպանական ճակատը մեկ անգամ ևս ներկայացրեց իր հիմնավորված առարկություններն այս նախագծի վերաբերյալ և շեշտեց, որ տվյալ ՓՀԷԿ-ը կառուցվում է «Իջևանի» պետական արգելավայրի սահմաններում:

Որպես դրա ապացույց՝ լսումների մասնակիցներին ներկայացվեց նաև բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության՝ դեռևս 25.12.2012թ. գրությունը, որով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը տեղեկացվել է, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի և շենքի կառուցման կոորդինատային տվյալների համադրումից պարզվել է, որ այն գտնվում է «Իջևանի» պետական արգելավայրի սահմաններում։ Հաշվի առնելով այդ ամենը՝ գործակալության պետ Ա. Զիրոյանը գտել է, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագիծը հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին: Հարց է առաջանում` այս նախագիծը դեռևս այն ժամանակ մերժելու փոխարեն, ինչո՞ւ է բնապահպանության նախարարությունը մեկ և կես տարի թաքցրել այս փաստը և մնացած օրենսդրական խախտումները, ու ի վերջո տվել փորձաքննական դրական եզրակացություն», – ասված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարության մեջ։