Home / Հայաստան / «Եթե մի տարում բան չեն արել․․․»․ խաբված բնակիչները վստահ են՝ իշխանությունները ժամանակ են շահում

«Եթե մի տարում բան չեն արել․․․»․ խաբված բնակիչները վստահ են՝ իշխանությունները ժամանակ են շահում

«Տոնուս» շինկազմակերպության գործունեության հետևանքով տուժած քաղաքացիները ոչ մի ակնկալիք չունեն նախագահի վերահսկողության բաժնի ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հետ հանդիպումից, որը տեղի է ունեցել երեկ՝ նախագահական առանձնատան դիմաց բողոքի ակցիայից հետո։ Epress.am-ի զրուցակից Զոյա Պետրոսյանը վստահեցրել է, որ հանդիպման ընթացքում որևէ նոր բան չի ասվել՝ «ծեծվել են հին թեմաները, որոնց մասին շուրջ 1 տարի խոսվում է»:

«էնքան ենք նույն բանը խոսել, որ զզվել ու հոգնել ենք այս լարված վիճակից։ Հովսեփյանը միայն մի բան ասաց՝ ժամանակ խնդրեց մի ամսով՝ իբրև թե հարցին լուծում կտան, բայց խելքս առանձնապես բան չի կտրում։ Եթե մի տարում ոչ մի բան չեն արել, մի ամսում ի՞նչ են անելու, երկու կողմից էլ ոչ մի հուսադրող բան չասվեց, գոնե մի փոքր ոգևորվեինք, նորից խաբված տուն եկանք» – ասել է Պետրոսյանը։

Վերջինս կարծիք է հայտնել, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ժամանակ շահեն՝ մեկ ամիսը կռադնա մեկ տարի, այնուհետև՝ տարիներ, ու ոչինչ չի փոխվի։

«10-15 օրից ես կգնամ Հովսեփյանի մոտ՝ տեսնեմ, որ մի ամիս ժամանակ էր ուզել, 15 օրում գործին ի՞նչ ընթացք է տվել։ Եթե կասի՝ ոչ մի նորություն չկա, ուրեմն էլի խաբում են», – ասել է մեր զրուցակիցը և հավելել, որ հարցի լուծումը կարող է տալ միմիայն նախագահը։

Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերությունը պատկանում է ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին: Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս»-ից ձեռք բերած բնակարանները։

2006 թվականից 140 ընտանիք «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն բնակիչներին շուտով հայտնի է դարձել, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ»-ում։