Home / Հայաստան / Երևանի քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացվել Սայաթ-Նովայի շինարարության պատճառով

Երևանի քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացվել Սայաթ-Նովայի շինարարության պատճառով

Սայաթ-Նովա 10 շենքի բնակիչ Ալբերտ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ պահանջելով անվավեր, ապօրինի ճանաչել վերոնշյալ բակում «Լարկո գրուպ» ընկերության կողմից իրականացվող շինթույլտվությունը։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարգսյանի փաստաբան Ալբերտ Կանդալյանը։

«Գործը վարույթում է, երեկ առաջին նիստն է եղել, միջնորդել ենք հայցի ապահովման միջոց կիրառել՝ մերժել են։ Հայցի ապահովման միջոցը կայանում էր նրանում, որ մինչև վճիռ կայացնելը կասեցվեր շինարարությունը, բայց ինչպես տեսնում ենք՝ դատը ընթանում է, շինարարությունն էլ հետը։ Ցավոք սրտի, առանց հիմնավորելու դատարանը մերժեց, բայց մենք կփորձենք մինչև հաջորդ դատական նիստը՝ մարտի 27-ը այդ խոչընդոտը անցնել», – ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ որպես պատշաճ հայցվոր ևս երկու բնակիչ դիմում են տվել, որոնցից մեկը մերժվել է և այժմ գործը Վճռաբեկ դատարանում է՝ «տարբեր ուղիներով փորձում ենք պայքարել»։

Մեր թղթակցի հետ զրույցում հայցվոր Ալբերտ Սարգսյանը բողոքել է, որ «Լարկո գրուպը» ակնհայտ կերպով շրջանցում է օրենքը՝ ամբողջ օրը ընթացքող շինարարության աղմուկով լարված վիճակում պահելով բակի բնակիչներին։

«Բարոյականության չափ չկա էս մարդկանց համար։Արագացված սարքում են՝ ոնց որ աշխարհի վերջը լինի։ Ամբողջ օրն անբացատրելի աղմուկի ու աղբի մեջ ենք , բայց սա ջհանդամը, ինձ հետագան ա վախեցնում, թե ինչ վիճակում ենք ապրելու՝ ոնց կարելի է նման կերպով վիրավորել ու ոտնահարել ամբողջ տարածքի բնակիչների ինքնասիրությունը, ռուսի ասած՝ զա չտո՞», եզրափակել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Սայաթ-Նովա փողոցի 10-12 շենքի բնակիչները դեմ են, որպեսզի բակում գտնվող կաթսայատան վայրում բազմաֆունկցիոնալ 6 հարկանի շենք կառուցեն: Բնակիչները նշում են, որ կառուցապատողը ցանկանում է 230 քմ մետր մակերես օգտագործել, որի դեպքում, սակայն, փակվելու է նաև բակ տանող մեքենայի ճանապարհը: