Home / Հայաստան / Սպիտակցի հաշմանդամ աղջկա հարցով դիմել են Արմեն Աշոտյանին

Սպիտակցի հաշմանդամ աղջկա հարցով դիմել են Արմեն Աշոտյանին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սպիտակցի հաշմանդամ աղջկա հարցով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Սպիտակի թիվ 1 հատուկ դպրոցի վարչակազմին՝ դրսևորած ոչ իրավաչափ վարչարարության համար։

2014 թ. մարտի 13-ին Civilnet.am կայքում հրապարակվեց մի տեսանյութ, որը ներկայացնում էր Սպիտակի 10-ամյա բնակչուհի Ինգա Դումանալյանի պատմությունը: Երեխան ունի առաջին կարգի հաշմանդամություն, որը ոչ մի կերպ կապ չունի նրա սովորելու ընդունակությունների հետ:

Համաձայն հրապարակված նյութի՝ երեխայի համար դպրոցի տնօրենի որոշմամբ սահմանվել է տնային պայմաններում ուսում. նրա համար կազմակերպվում են միայն մայրենի լեզվի և մաթեմատիկայի դասեր: Ինգան և նրա մայրը պնդում են, որ երեխան ընդունակ է սովորելու բոլոր առարկաները, սակայն պետությունը գումար է խնայում և չի կազմակերպում երեխայի լիարժեք կրթությունը: