Home / Հայաստան / Ռուսաստանցի լրագրողը ղրիմցիներին պատմել է՝ ինչ է նրանց սպասում ՌԴ կազմում

Ռուսաստանցի լրագրողը ղրիմցիներին պատմել է՝ ինչ է նրանց սպասում ՌԴ կազմում

«Բարի գալուստ, Ղրիմ»,- Snob.ru կայքում հրապարակված իր հոդվածում գրում է Ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոն։

Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար․

«Դե ինչ, ողջույն, թանկագին ղրիմցիներ։ Ուրախ ենք ձեզ տեսնել։ Նամակիս առաջին տողերում թույլ տվեք ձեզ շնորհավորել այն կապակցությամբ, որ սա ձեր կյանքի վերջին հանրաքվեն էր։ Այլևս որևէ «կամքի արտահայտում» չեք ունենալու։ Այլևս չեք ընտրելու՝ ոչինչ և երբեք։ Ոչինչ և երբեք։ Անգամ ձեր սեփական բակի բորդյուրների գույնը։ Սա միանգամից հիշեք։

Երկրորդ, կարող եք հրաժեշտ տալ ձեր հեռուստատեսությանը։

Ցտեսություն ուղիղ եթերներ, թոք-շոուներ ու քննարկումներ։ Բարև մռայլ իրականություն, դիակներ, հիմարներ և մեզա-սեռական հումոր։ Միայն Կիսելյով, միայն հարդքոր։ Ուղիղ կապեր Պուտինի հետ։

Երրորդը, ժամկետային զինծառայություն։ Սա ընդհանրապես առանձին թեմա է։ Օկուպացիայի 23 տարիների ընթացքում դուք արդեն, հավանաբար, մոռացել եք, թե դա ինչ է, երբ ձեր երեխաներին զորակոչում են բանակ։ Բայց, ոչինչ։ Կհիշեք։ Ու հատկապես կհիշեք այն ժամանակ, երբ ձեր երեխաները մեր – կներեք, արդեն նաև ձեր – բանակում կսկսեն մահանալ հիվանդություններից, որոնցից աշխարհում արդեն հարյուր տարի է՝ ոչ ոք չի մահանում։ Թոքաբորբից, օրինակ։ Ղրիմի կլիմայից հետո Կունաշիրում ինչ-որ տեղ ծառայելը հենց այն է, ինչ պետք է։ Դե, «Կովկասը ուժ է» գրառումն էլ սափրված գլուխների վրա վատ չի նայվում։

Հա, ի դեպ, այս հասցեն անմիջապես գրի առեք՝ http://mright.hro.org/։

Սա «Մոր իրավունք» հիմնադրամն է, որը արդեն 20 տարի է՝ օգնում է զոհված զինծառայողների ընտանիքներին։ Անցած տարի հիմնադրամն օգնել է 2465 զոհված զինծառայողների ընտանիքների։ Մահացությունների 20 տոկոսը, ի դեպ, եղել է ինքնասպանության հետևանք, 15 տոկոսը՝ ինքնասպանության հասցնելու, մյուս 15 տոկոսը՝ հիվանդությունների, 5 տոկոսը՝ ծեծերի։

Իսկ զինվորների հաշմանդամ մայրերի թոշակը Ռուսաստանում կազմում է 40 դոլար։ Ճիշտ լսեցիք։ Ու դա ստանալու համար դուք տարիներով պայքարելու եք։ Բարի գալուստ մեր դատական համակարգ։

Դատական համակարգի մասին զրույցը երկար է, հետևաբար ուղղակի կհիշեցնեմ՝ ատելություն քարոզելը, հավատացյալների զգացմունքները վիրավորելը, ահաբեկչությունն արդարացնելը, ծայրահեղական արտահայտությունները, զրպարտությունը՝ այս ամենը քրեական հանցագործություններ են։

Պատմության ժխտումը, քաղաքացիների անցուդարձին խանգարելը, 5 մարդուց բաղկացած չարտոնված հավաքը, անբարոյական վարքագիծն ու էլի շատ ու շատ երևույթներ վարչական հանցագործություններ են։ Դե, մեր կազակների հետ, ասում են, արդեն ծանոթացել եք։ Լավն են, չէ՞։ Ոչինչ, ոչինչ։ Դուք դեռ մեր քահանաներին չեք տեսել։

Մեզ մոտ, ի դեպ, հոգևորականությունը մեծացնելու դաշնային ծրագիր է տարվում։ «Որտեղ կարող ենք, եկեղեցի դնենք» կարգախոսով։ Այնպես որ, այնտեղ, որտեղ կարծում էիք մանկապարտեզ կամ տրանսպորտային հանգույց էիք ունենալու, այժմ եկեղեցի է լինելու։ Այնպես, ինչպես հիմա՝ ինձ մոտ․ պատուհանիս տակ՝ ՄՕԱՃ-ի մոտ գտնվող մի ամայի տարածքում հանգույցի փոխարեն եկեղեցի են շարում։ Այստեղ ամեն առավոտ խցանումներ են, բայց հանգույց ո՞ւմ է պետք, այստեղ հենց եկեղեցի է պետք։ Ոչինչ, սա էլ ժամանակի հետ կհասկանաք։

Դե այնպիսի մանրուքների մասին, ինչպես, օրինակ, հողի ամենալավ կտորները պալատների ու տների վերածելը, բիզնեսի վերաբաշխելը, բնակելի շենքերի քանդելն ու առևտրի կենտրոններ կառուցելը, և այլն, և այլն, և այլն, էլ չեմ խոսի։ Հարկայինների, սանէպիդկայանների, հրշեջ ծառայությունների, դատախազության, քննչական կոմիտեի մասին էլ։ Ասում են, դուք այնտեղ հիմնականում տուրիզմի հաշվին եք ապրում, չէ՞։ Ոչինչ, ոչինչ։ Կհարմարվեք։

Հա, տուրիզմի մասին։ Ձեզ մոտ մասնավոր հյուրանոցներ են, չէ՞։ Ծովի ափին, չէ՞։ Ղրիմո՞ւմ։ Դե, հոգ չէ, հոգ չէ։

Հա ինչ, ասենք թե էլ ափին մասնավոր հյուրանոցներ չեք ունենա։ Բայց ի՜նչ դաչա կունենա Տկաչովը։ Իսկ Շոյգո՜ւն։ Բոլոր սենատորները։ Բոլոր պատգամավորները։ ՖՍԲ-ի ծառայողները։ Իսկ նրանցից հետո նաև քննչական կոմիտեի ու դատախազության աշխատակիցները։ Ի՜նչ զբոսանավեր ձեզ մոտ կկայանեն մասնավոր մատույցներում։ Ի՜նչ ցանկապատով կշրջափակեն ձեր ծովը։ Բոլոր անիծված բանդերովցիները կնախանձեն։ Իսկ ձեզ Սևաստոպոլի քաղաքային լողափն էլ բավական է։

Հա, Խնայբանկի մասին։ Ձեր բախտը կրկին բերել է, մեզ մոտ հիմա կենսաթոշակային բարեփոխումների հերթական փուլն է։ Թե ինչպես էին այս թոշակները հաշվեգրվում նախկինում, ոչ ոք չգիտեր, իսկ հիմա ոչ ոք ընդհանրապես չի հասկանում՝ դրանք գոնե կլինեն, թե ոչ։

Ու փորձեք հետագայում խուսափել մարդաշատ վայրերից՝ երկաթուղային կայարաններից, օդանավակայաններից՝ հատկապես երկաթուղային կայարաններից ու օդանավակայաններից, ավտոկայարաններից, շուկաներից, համերգներից ու ընդհանրապես։ Օդանավակայան եկեք երեք ժամ շուտ։ Ոստիկանության հետ, ավելի լավ է, կատակ մի արեք։ Փորձեք մորուք չկրել։ Մազերը գունաթափեք։ Առաջին իսկ պահանջով՝ դատարկեք գրպանները ու թույլ տվեք ձեզ խուզարկել։ Տնից երբեք – ԵՐԲԵՔ – առանց փաստաթղթերի դուրս մի եկեք։

Դե մեր միջազգային բարեկամների, այսինքն, արդեն թշնամիների պատժամիջոցների մասին էլ մի մոռացեք։ Չէ՞ որ դուք հիմա Ռուսաստան եք։

Մի քանի մանրուք էլ․

Ռուսաստանում հավաքներն արգելված են։

Ապօրինի ձերբակալությանն ու բերման ենթարկելուն դիմադրելն արգելված է։

Ազգերի ինքնորոշումն արգելված է։ Ռուսաստանի կազմից դուրս գալն արգելված է։ Անջատողականությունն արգելված է։

Օտարեկրացիների կողմից երեխաների որդեգրումն արգելված է։

Նույնասեռականության քարոզն արգելված է։

Մադոննայի ու «Օկեան Էլզիի» համերգներն արգելված են։

Չարտոնված պաստառներն արգելված են։

«Դոժդ» հեռուստաալիքն արգելված է։

Առցանց փողերն օրերս կարգելվեն։

Գները Մոսկվայում երկու անգամ ավելի թանկ են, քան Կիևում։ Ամեն ինչի։

Հա, ու վերջում։ Ալկոհոլը մեզ մոտ (իսկ հիմա նաև ձեզ մոտ) երեկոյան 11-ից առավոտյան 8-ը նույնպես արգելված է։ Դե գիտեք, չոր օրենք։

Վելքըմ հոմ, մի խոսքով։ Բարի գալուստ»։