Home / Հայաստան / Երկակի ստանդարտները միշտ լինելու են․ կարծիք Ղրիմի և Ղարաբաղի նմանության մասին

Երկակի ստանդարտները միշտ լինելու են․ կարծիք Ղրիմի և Ղարաբաղի նմանության մասին

Եվ Ղրիմի, և Լեռնային Ղարաբաղի հանրաքվեներն ազգերի ինքորոշման դասական օրինակներ են, և երկուսն էլ իրականացվել են միջազգային օրենքների սահմաններում։ Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ երկու հանրաքվեների տարբերությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվեց և դարձավ անկախ պետություն, իսկ Ղրիմի բնակչությունը, ինքնորոշվելով, որոշեց միանալ Ռուսաստանի Դաշնությանը։

«Այսինքն, արդյունքը տարբեր էր, բայց գործընթացը նույնն էր», – ասել է Բադալյանը։

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս կարելի է գնահատել Ռուսաստանի միջամտությունը Ղրիմի հանրաքվեին՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն զորամիավորումներ էր մտցրել այլ երկրի տարածք, Բադալյանը պատասխանել է, որ դա բարոյաքաղաքական միջամտություն էր։

Համեմատության համար նա նշել է, որ Հայաստանն էլ բարոյական աջակցություն է ցույց տվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ու ղարաբաղյան հանրաքվեն էլ չի հակասել հայաստանյան այն ժամանակվա իշխանությունների շահերին։

«Ղրիմի տարածքում էլ, ինչպես Ղարաբաղում, տեղի է ունեցել ազատ կամարտահայտություն։ Ոչ մեկը մարդկանց գլխին, պայմանականորեն ասած, ատրճանակ չի պահել, և մարդիկ իրենց կամքով են գնացել տեղամասեր և քվեարկել», – հայտարարել է փորձագետը։

Արմեն Բադալյանը, այնուամենայնիվ, համաձայնել է, որ Ռուսաստանի գործողություններում առկա են երկակի ստանդարտներ, քանի որ այդ երկիրը նույնկերպ թույլ չի տալիս ազատ կամարտահայտություն, օրինակ, Չեչնիայում։

Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցն ընդգծել է, որ երկարի ստանդարտները մշտապես կիրառվում են համաշխարհային քաղաքականության մեջ։

«Տարբեր պետություններ մի տարածքում կարող են աջակցել որևէ գործողությանը, իսկ մեկ այլ տարածքում նույն գործողությանը չաջակցել։ Վերցնենք Ռուսաստանը կամ Ամերիկան, որը ճանաչում է Կոսովոյի անկախությունը, սակայն չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն, կամ թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Երկակի ստանդարտները բոլորի կողմից կիրառվել են, կիրառվում են և կիրառվելու են», – հայտարարել է քաղտեխնոլոգը։

Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում Ղրիմի հանրաքվեի հետ կապված տոնախմբությունը, ինչը տեղի չունեցավ Կոսովոյի անկախության հռչակման դեպքում, կարելի է կապել ԼՂՀ իշխանությունների ռուսաստանամետ լինելու հետ։ Արմեն Բադալյանն այս հարցին պատասխանելուց առաջ ընդգծել է, որ համաձայն չէ «ռուսաստամետ» որակման հետ։

«Բայց բնականաբար չեմ կարող մերժել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի հետ ավելի մեծ հույսեր է կապում և ռուսական աշխարհին ավելի դրական է վերաբերվում, քան Կոսովոյի հարցում։ Ի վերջո, չմոռանանք, որ Կոսովոյի խորհրդարանը Կոսովոն ճանաչեց անկախ պետություն, իսկ Ղրիմի դեպքում տեղի ունեցավ հանրաքվե, ինչը տեղի էր ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում», – ասել է Բադալյանը։

Այն հարցին, թե արդյոք ներկա զարգացումների ֆոնին հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղն էլ կարող է դիտարկել Ռուսաստանին միանալու հարցը, Բադալյանը պատասխանել է, թե «ամեն ինչ հնարավոր է»։ Նա, սակայն, ընդգծել է, որ քաղաքականության մեջ նախադեպեր չկան, և եթե Ղրիմն ինքնորոշվեց, մտնելով Ռուսատսանի կազմի մեջ, Կոսովոն անկախացավ ու չցանկացավ միանալ Ալբանիային, դա չի նշանակում, որ որևէ նախադեպ կարող է տարածվել Լեռնային Ղարաբաղի վրա։

«Դա ոչ թե իրավունքի հարց է, այլ քաղաքական հարց է, իսկ քաղաքական հարցը, բնականաբար, քաղաքական հարթության մեջ է լուծվում», – հայտարարել է Արմեն Բադալյանը։