Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանը ափսոսանք է հայտնել Սերժ Սարգսյանի դիրքորոշման կապակցությամբ

ԱՄՆ դեսպանը ափսոսանք է հայտնել Սերժ Սարգսյանի դիրքորոշման կապակցությամբ

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, այսօր ելույթ ունենալով «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցում տարածաշրջանի անվտանգությանը» թեմայով խորհրդաժողովին, ափսոսանք է հայտնել պաշտոնական Երևանի դիրքորոշման վերաբերյալ, որն արտահայտել է Սերժ Սարգսյանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը

«Բրիտանիայի դեսպանը շատ հստակ խոսեց՝ քննադատելով Ռուսաստանի ապօրինի գործողությունները Ղրիմում: Մենք ռուսների հետ կապի մեջ ենք եղել ամեն օր՝ մենք, բրիտանացիները, գերմանացիները, բոլորը: Լավրով-Քերի բանակցություններ էին ընթանում, բազմաթիվ հեռախոսազրույցներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի միջև: Այնպես որ, մենք լսում էինք ռուսական կողմին, առաջարկում խաղաղ կարգավորման բազմաթիվ տարբերակներ, եթե անվտանգության խնդիրներ կային Ղրիմում ապրող ռուսների համար: Շատ բան կար, որ նրանք կարող էին անել, սակայն չարեցին»,- հայտարարել է Հեֆերնը։

Նա շեշտել է, որ Բրիտանիայի դեսպանի բնորոշումը՝ Ռուսաստանի ապօրինի գործողությունների մասին, նաև կիսում են Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն:

Հիշեցնենք, որ, ըստ Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության, Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը արձանագրել են, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»: