Home / Տեսանյութեր / Լևոն Զուրաբյանը՝ Ղրիմի հանրաքվեի մասին․ «Տեղի է ունեցել ժողովրդի հստակ կամարտահայտություն»

Լևոն Զուրաբյանը՝ Ղրիմի հանրաքվեի մասին․ «Տեղի է ունեցել ժողովրդի հստակ կամարտահայտություն»

Հայ Ազգային Կոնգրեսը, լինելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի կողմնակից, այն դիտարկելով որպես կայուն և երկարաժամկետ խաղաղության ու ժողովրդավարության կարևորագույն երաշխիք, արձանագրում է, որ, անկախ այն պայմաններից, որոնցում անցել է Ղրիմի ճակատագիրը որոշող հանրաքվեն, տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն, որի արդյունքները պիտի հաշվի առնվեն ցանկացած լուծման պարագայում: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա նշել է, որ, միևնույն ժամանակ, Կոնգրեսն իր մտահոգությունն է հայտնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջացած հակամարտության կապակցությամբ, «որը կարող է հաղթահարվել միմիայն երկու եղբայրական երկրների ժողովուրդների եւ իշխանությունների երկխոսության միջոցով` միջազգային իրավունքի, ուժի չկիրառման, ժողովրդավարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:

«Կոնգրեսը նաև մտահոգված է վերջերս Ռուսաստանի և Արևմուտքի` Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության միջև լարվածության աճի կապակցությամբ: Սառը պատերազմի դրսևորումներով լարվածության էսկալացիան անընդունելի բաժանարար գծեր է ստեղծում, որոնք սպառնալիք են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային անվտանգությանը եւ խաղաղությանը: Անվտանգության եւ տնտեսական զարգացման առումով ծանր վիճակ է ստեղծվում հատկապես Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Հայաստանի նման երկրների համար, որոնք ակամա հայտնվում են բաժանարար գծերի վրա», – նշել է Լևոն Զուրաբյանը: