Home / Հայաստան / Սարգսյան-Պուտին զրույցի մասին տեղեկացրել են Ուկրաինայի ԱԳՆ-ին. դեսպան

Սարգսյան-Պուտին զրույցի մասին տեղեկացրել են Ուկրաինայի ԱԳՆ-ին. դեսպան

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է, որ չի կարող մեկնաբանել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների երեկվա զրույցը:

«Մենք տեղյակ ենք այդ մասին և տեղեկացրել ենք Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը»,- ասել է Իվան Կուխտան:

Նրա խոսքով՝ Ուկրաինան չի ընդունում Ղրիմի հանրաքվեն և դրա արդյունքները, քանի որ այդ գործընթացը խախտում է Ուկրաինայի սահմանադրությունը. «Եթե հաշվի առնենք, որ միջազգային դիտորդներ չեն հետևել հանրաքվեին, կարելի է ենթադրել, որ թղթի վրա ցանկացած արդյունք կարող էր ամրագրվել»:

Դեսպանը նաև նշել է, որ Ուկրաինան խաղաղասեր երկիր է և առաջիկայում ռազմական գործողություններ Ղրիմի նկատմամբ չի պլանավորում: Փոխարենը Ուկրաինան պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Ռուսաստանի Դաշնության և Ղրիմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ինքնավար Հանրապետության լիազորությունների ընդլայնման, ինչպես նաև ռուս փոքրամասնության իրավունքների ապահովման հարցը:

Անդրադառնալով ԱՊՀ-ից դուրս գալու Ուկրաինայի որոշմանը՝ դեսպանն ասել է.  «ԱՊՀ  երկրների ԱԳՆ ղեկավարներն այնքան զբաղված են, որ մինչև հիմա դեռ ժամանակ չեն գտել հավաքվելու և քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Կազմակերպությունը, որտեղ հավաքվում են միայն սուրճ և թեյ խմելու համար, որևէ մեկին պետք չէ»:

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայում քննարկվում է Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմի անցնելու հնարավորությունը: Սակայն Հայաստանի և Ուկրաինայի միջև կպահպանվի առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, որը գործում է ներկայում:

Խոսելով ուկրաինական դեպքերի առնչությամբ Հայաստանի արձագանքից՝ դեսպանն ասել է, որ ամեն երկիր ունի իր դիրքորոշման իրավունքը, և Ուկրաինան ընդունում է դա:

Իսկ հայ-ուկրաինական հարաբերությունները, ըստ Կուխտայի,   բոլոր առումներով լավ մակարդակում են գտնվում և հետագայում էլ շարունակելու են զարգանալ. երկու երկրների հարաբերությունները կարգավորող 70-ից ավելի  փաստաթղեր կան:

Խոսելով Ղարաբաղի հարցում Ուկրաինայի դիրքորոշումից՝ Կուխտան նշել է, որ իրենք պաշտպանում են տվյալ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումները: Իսկ առանձին անհատների հայտարարությունները, նրա խոսքով, չեն արտացոլում պաշտոնական Կիևի դիրքորոշումը:

Կուխտան խոսել է նաև Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքներից: Դեսպանը նշել է, որ ինքն էլ կիսով չափ ռուս է և երբևէ իր նկատմամբ ճնշումներ չի զգացել. «Ուկրաինայում ապրող մոտ 20 ազգային փոքրամասնությունների, այդ թվում և 400 հազարի հասնող հայկական համայնքի իրավունքները չեն ոտնահարվում»: