Home / Հայաստան / Սարգսյան-Պուտին զրույցը վասալային հարաբերությունների օրինակ է․ Րաֆֆի Հովհաննիսյան

Սարգսյան-Պուտին զրույցը վասալային հարաբերությունների օրինակ է․ Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ ժողովրդի կողմից չընտրված գոծող նախագահ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի ունեցած հեռախոսազրույցը արտահայտում է այն ուղղահայաց վասալային հարաբերությունը, որով Ռուսաստանը նայում է Հայաստանին, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների ինքնագնահատականն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է արտահայտել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ես կարծում եմ, որ այդ հեռախոսազրույցի նախաձեռնությունն ու բովանդակությունը չեն բխում Հայաստանի շահերից, ժամանակավրեպ է և արժեր, իմ կարծիքով, գոնե արտաքին չափումներով մտածել մի քանի բանի մասին։ Առաջինը՝ ավելի լավ կլինի, որ վերջապես Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ճանաչի ԼՂՀ-ն՝ իր ամբողջական սահմաններով և ոչ թե հրճվի, որ հերթական չգործող նախադեպ է լինելու կամ չի լինելու։ Լավ կլինի, որ ՀՀ դե ֆակտո ղեկավարները մտածեն Հայաստանի մասին։ Արևմուտքից սկսած Ռուսաստանով շարունակած և վերջացրած Հայաստանով ոչ մեկը չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը», -ասել է բանախոսը։

Նա նշել է, որ ինքը կողմնակից է, որպեսզի Հայաստանի անվտանգությունն ապահովված լինի երկկողմանի հարաբերությունների միջոցով։

«Անկախ նրանից՝ անվանումը ՀԱՊԿ է, ԱՊՀ է, թե՞ Մաքսային Միություն, Հայաստանը լիիրավ անդամ է, սակայն մենք չենք օգտագործում մեր ներկայությունը այնտեղ՝ որոշումների վրա ազդելու նպատակով։ Այո՝ փոքր ենք, ունենք չլուծված հարցեր և սուսուփուս հետևում ենք, մինչդեռ ՀԱՊԿ-ի անդամ չլինելով ադրբեջանցիները Արևմուտքում շատ ուժեղ, հետևողական տանելու են Ղրիմ-Արցախ զուգակցումը, նույնացումը։ Մենք ունենք Արցախի ամբողջականության հարց և դա առաջինը պետք է անի Հայաստանը, իսկ երբ որ [Արցախը] կճանաչեն Ռուսաստանը, Ուկրաինան ՝ այն ժամանակ կխոսենք», -եզրափակել է Հովհաննիսյանը։