Home / Հայաստան / Ալիկ Սարգսյանը վստահ է՝ իր մասին լուրերի հետևում պատվիրատու է կանգնած

Ալիկ Սարգսյանը վստահ է՝ իր մասին լուրերի հետևում պատվիրատու է կանգնած

Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը հերքում է փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունը պատվիրելու մասին լուրերը: Այս մասին նա ասել է News.am-ին։

«Ես քանի՞ տարի եմ պարտավոր ամեն տեսակի ապուշության և զրպարտանքի պատասխանեմ, սա սովորական ծերունական զառանցանք է, չգիտեմ՝ ի՞նչ է սա նշանակում: Ինչ-որ մեկին ձեռ է տալիս անընդհատ իմ անունը շոշափելը, բայց դրանք այն ծերունիները չեն, որոնք խոսում են, այն տարիքով մարդիկ չեն, ինչ էլ անեն, միևնույն է, ինձ բոլորը ճանաչում են, նրանք գիտեն, որ ես այդ մարդը չեմ»,- ասել է նախկին ոստիկանապետը:

Ավելի վաղ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, հայտարարել էր, որ փաստեր ունի, որ որդու սպանությունից անմիջապես հետո Ալիկ Սարգսյանը նույն բարձրաստիճան պաշտոնյային, որի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, դեռևս չպարզված հանձնարարությամբ ուղարկել է մի «օրենքով գողի» մոտ, որը ներկայումս ողջ չէ: «Հարց է ծագում՝ ինքը, լինելով նախարար, ի՞նչ գործ ուներ օրենքով գողի հետ: Արդյոք փողերը տալու համար չէ՞ր: Գործն արված էր, և փողը պետք է տրվեր: Ես տեղեկություն ունեմ, որ այդ գողը մեկ օրով է Հայաստանում եղել: Եկել է ու դեպքի հաջորդ օրը հեռացել Հայաստանից: Դուք լինեք՝ ի՞նչ հետևություն կանեք սրանից, կա՞ ուրիշ մեկնաբանություն, ո՞նց հասկանանք սա»,- ասել էր Պետրոս Մհերյանը:

Ալիկ Սարգսյանը տարակուսանք է հայտնել, թե ինչու է Գևորգ Մհերյանի հայրը այդքան սպառնում է, թե ունի սենսացիոն տեսաձայնագրություն, սակայն այդպես էլ այն չի հրապարակում, «եթե ունի նման բան, ինչի՞ չի բացահայտում, ինչի՞ է պահել և ո՞ւմ համար, չի՞ ուզում, որ տղու գործը բացահայտվի, ինչի՞ չի ներկայացնում քննությանը»:

Ալիկ Սարգսյանը վստահ է, որ վերջին շրջանում իր մասին տարածվող տեղեկությունների (Մհերյանի սպանությունը «օրենքով գողին» պատվիրելը, «բանդայի» գործով մեղադրյալ Արտուշ Հակոբյանին թունավորելը) հետևում կանգնած է պատվիրատու, որին հանգիստ չի տալիս իր անձը․ «Ո՞նց կարելի է անմեղ մարդու մասին նման բաներ գրել, ես մարդ թունավորո՞ղ եմ, ես մարդու սպանություն կազմակերպո՞ղ եմ, էն էլ ինչ-որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ և այլն: Ամոթ չի՞ բա, թող գետինը մտնեն՝ պատվիրատուն էլ, պատվերն անողն է, այդ խեղաթյուրված մտքերի հեղինակներն էլ, բոլորը այլասերված ժողովուրդ են»։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։