Home / Հայաստան / «Միլիոնավոր դոլարներ»․ Հայրիկյանի փաստաբանը ԱԱԾ-ին հարցեր է ուղղել

«Միլիոնավոր դոլարներ»․ Հայրիկյանի փաստաբանը ԱԱԾ-ին հարցեր է ուղղել

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողներին է ներկայացրել այն հարցերը, որոնք ուղղել է ՀՀ Ազգային անվտանգությանն ու ՀՀ գլխավոր դատախազությանը՝ կապված Հայրիկյանի դեմ անցյալ տարի իրականացրած մահափորձի դեմ։

Բաղդասարյանի կողմից լրագրողներին բաժանած հայտարարության մեջ նշված է, որ օրեր առաջ համացանցում աուդիո ձայնագրություն է տարածվել, որում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանի կինը և զինվորական Ալեքսանդր Աբրահամյանը զրուցում են միլիոնավոր դոլարների մասին, որն Աբրահամյանը ցանկանում է հետ ստանալ Սեդրակյանի ընտանիքից։

«Քրեական գործի շրջանակներում դեռևս դատաքննության փուլում Պարույր Հայրիկյանը միջնորդություն էր արել, որպեսզի հարցաքննեն հայր և որդի Աբրահամյաններին, որոնցից որդին՝ Էդուարդ Աբրահամյանը, քրգործում ցուցմունք էր տվել, որ Սեդրակյանին է տվել 100․000 դոլար», – նշում է Բաղդասարյանը։

Տուժող կողմի փաստաբանը նաև ընդգծում է, որ աուդիո ձայնագրության մեջ հոլովվում է Վարդան Սեդրակյանի անունը, ով, ըստ Ալեքսանդր Աբրահամյանի, իր որդուց վերցրել է միլիոնավոր դոլարներ, և դա ուղղակի կապ կարող է ունենալ քրեական գործի հետ, քանի որ ձայնագրությունում Աբրահամյանը շեշտում է, որ այդ գումարները միայն իրենը չեն։ Սեդրակյանի կնոջ պատասխանին էլ, թե խուզարկության ժամանակ իրենց տանից գումար չի հայտնաբերվել, Աբրահամյանն ասում է, որ ինքը խոսել է խուզարկողների հետ։ Բաղդասարյանը դա տարօրինակ է համարում, քանի որ, փաստորեն, Աբրահամյանը տիրապետել է նախաքննության մարմնի գործողություններին, որի իրավունքը չուներ։

Այդ ամենը հաշվի առնելով՝ Հայրիկյանի փաստաբանը դիմում է Ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ գլխավոր դատախազին հետևյալ հարցերով․

1․ Զրույցում քննարկվող միլիոնավոր դոլարները, որն իբր ստացել է սույն քր․ գործով դատապարտյալ Վ․ Սեդրակյանը, որքանո՞վ է առնչվում Հայրիկյանի քր․ գործի հետ։

2․ Արդյոք տված գումարների վերադարձը կապ ունի Հայրիկյանի մահափորձը ոչ իրենց կամքով ի կատար չածելու հետ։

3․ Կան կասկածներ, որ այլ անձինք, որոնց անուններն այս պահին չեն տրվում, մասնավորապես նրանք, ով ֆինանսավորել են Սեդրակյանին, իսկ անմիջապես կալանավորումից հետո շտապել են իրենց զորակցությունը հայտնել նրա հարազատներին, ուղղակի կապ կարող են ունենալ Հայրիկյանի մահափորձի հետ, որի հետ կապված չենք բացառում լրացուցիչ հայտարարություն տալն ու հետամուտ լինել՝ գործի օբյեկտիվ բացահայտման հետ կապված։

4․ Եվ վերջապես, ի՞նչ գումարներ են դրանք, և որքանո՞վ կարող են առնչվել փողերի լվացման հետ։