Home / Տեսանյութեր / Երևանի քաղաքապետին խնդրել են քաղաքացիներին պաշտպանել «Գազպրոմ-Արմենիայից»

Երևանի քաղաքապետին խնդրել են քաղաքացիներին պաշտպանել «Գազպրոմ-Արմենիայից»

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրել է զբաղվել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության ենթադրյալ մեքենայություններից քաղաքացիներին պաշտպանելու հարցով։

Քաղաքապետին ուղղված նամակում «Բարև Երևան» խմբակցությունը նշում է, որ մարտի 8-ին «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը ուշագրավ գիտափորձ է կատարել ու դրա տեսագրությունը ներկայացրել հանրությանը: Միևնույն շարժական գազօջախի վրա (նույն ռետինե խողովակով) և միևնույն օդի ու ջրի ջերմաչափերի, բարձրաչափի և ժամացույցի օգնությամբ 250մլ ջուր է եռացվել Երևանում և Վրաստանի Տետրի-Ցկարո քաղաքում, որը ծովի մակերևույթից իր բարձրությամբ հավասարազոր է Երևանի շատ վայրերի հետ: Երևանում այդ քանակությամբ ջուրը եռացել է 5 րոպե 53 վայրկանում՝ 25 հազարերորդական խորանարդ մետր գազի հաշվին, իսկ վրացական Տետրի-Ցկարոյում՝ 3 րոպե 49 վայրկյանում՝ 17 հազարերորդական խորանարդ մետր գազի հաշվին:

«Բարձրացվող խնդրի լուծումը ակնհայտորեն չի գտնվում Երևանի քաղաքապետի կամ ավագանու լիազորությունների դաշտում, սակայն վերջիններիս գործունեությունը կարգավորող երկու հիմնական օրենքներ պարտավորեցնում են թե՛ քաղաքապետին, թե՛ ավագանուն պաշտպանել համայնքի բնակիչների շահերը», – ընդգծում է «Բարև Երևան»-ը:

Ավագանու խմբակցությունը նշում է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքապետը` 2) ներկայացնում է Երևանը` որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում» իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, «Համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները. 1) իր իրավասության շրջանակում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը. 3) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում»:

Քանի որ խնդիրը շոշափում է Երևանի բնակիչների օրինական շահերն ու իրավունքները, որոնք պաշտպանելուն կոչված են ավագանու անդամները և քաղաքապետը, «Բարև Երևանը» նշում է․

Երևանի քաղաքապետը կարող է այդ շահերը պաշտպանել «Գազպրոմ-Հայաստան» ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից,

Երևանի քաղաքապետը կարող է գրավոր առաջարկությամբ հանդես գալ ՀՀ կառավարության առջև կամ հարցը բարձրացնել նրա նիստի ժամանակ, ինչպես նաև՝ բացատրություններ պահանջել և ստանալ գործադիր իշխանության Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպվող խորհրդակցությունների ժամանակ,

Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանել դատարանում՝ ընդդեմ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության,

Երևանի ավագանին կարող է երևանցու շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս այդ խնդրով ընդունել ուղերձ և հայտարարություն՝ ուղղված Կառավարությանը:

«Գազի կալորիականության ու սպառման խնդրով երևանցիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու հարցով ունենալով վերոնշյալ օրենսդրական գործիքները, խնդրում ենք Ձեր վերաբերմունքն արտահայտել դրանց նկատմամբ և հանրությանը իրազեկել Ձեր և Երևանի ավագանու հնարավոր քայլերի մասին», – նշել է ավագանու խմբակցությունը: