Home / Հայաստան / Հայաստանը Ղրիմի հարցով ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկելու

Հայաստանը Ղրիմի հարցով ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկելու

Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու վաղը՝ մարտի 27-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, որով անվավեր է ճանաչվում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Կիևի առաջարկած բանաձևում նշված է, որ մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեն իրավական ուժ չունի, ուստի չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի փոփոխության համար:

«Ազատությունը» նշում է, որ տեղեկությունն ուշագրավ է օրերս տեղի ունեցած Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հայտնի հեռախոսազրույցի կոնտեքստում, որի ժամանակ կողմերը «անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Այս հաղորդագրությունից հետո պաշտոնական Կիևը հայտարարել էր, որ հետ է կանչել Երևանում իր դեսպանին, մինչև հայկական կողմը չհստակեցնի իր դիրքորոշումը՝ ճանաչո՞ւմ է արդյոք Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին: