Home / Հայաստան / Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հերքում է, թե շնորհավորել է ռուսական կողմին Ղրիմի համար

Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հերքում է, թե շնորհավորել է ռուսական կողմին Ղրիմի համար

Ռուսաստանի Պսկովի նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Տուրչակի հետ մարտի 24-ին կայացած հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը չի շնորհավորել Ղրիմը Ռուսաստանի կազմ վերադարձնելու կապակցությամբ։ Շնորհավորելու փաստի մասին գրել էր pskov.ru կայքը։

Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է՝ որ Տուրչակի հետ ճանաչողական հանդիպում է ունեցել, որի ընթացքում մեծամասամբ քննարկվել են համայնքային խնդիրները, ինչպես նաև Պսկովի մարզի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Ըստ Կարապետյանի՝ այդ հանդիպմանը որևէ նման հայտարարություն ինքը չի արել: Գլխավոր հյուպատոսը կարծիք է հայտնել, որ հավանաբար հանդիպմանը ներկա լրագրողն է ինչ-որ բան շփոթել:

«Ես, օգտվելով առիթից, ասացի, որ իհարկե, մեր պաշտոնական տեսակետը այն է, և այդ մասին թե արտգործնախարարությունը, թե այլ աղբյուրներ հայտարարել են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը ընդունված է ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերում, պիտի հարգվի: Նաև Ղարաբաղի օրինակը բերեցի՝ որպես ինքնորոշված տարածք, և այդքանով սահմանափակվել է մեր խոսակցությունը։ Հավանաբար, մարզային թղթակիցը, որը լսում էր մեր զրույցը, իր համար եզրակացրել է, որ սա կարելի է ներկայացնել որպես ողջույն կամ շնորհավորանք՝ Ղրիմը ճանաչելու վերաբերյալ, և այդպիսի սխալ ձևակերպում է գնացել: Ես դա շտկեցի՝ դիմելով համապատասխան լրատվական ծառայությունների, խնդիրը շտկվել է»,- «Ազատությանը» փոխանցել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսը: