Home / Հայաստան / Ուկրաինան չի խզի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները

Ուկրաինան չի խզի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը այսօր հայտարարել է, որ խորհրդակցությունների նպատակով Կիև մեկնած դեսպան Իվան Կուխտան (լուսանկարում) Երևան կվերադառնա հաջորդ շաբաթ և կշարունակի իր աշխատանքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։

«Ուկրաինան մտադիր չէ խզել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կամ իջեցնել դրանց մակարդակը»,- ասել է Իգոր Ռոմանը:

Ուկրաինայի դեսպանատան խորհրդականը նաև հավելել է, որ դեսպանը Երևան կվերադառնա անկախ այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ղրիմի հարցով բանաձևին Հայաստանի քվեարկությունից:

Ավելի վաղ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատությանը» հայտնել էր, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, որով անվավեր է ճանաչվում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն:

Կիևի առաջարկած բանաձևում նշված է, որ մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեն իրավական ուժ չունի, ուստի չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի փոփոխության համար: