Home / Տեսանյութեր / «Մենք միշտ պատրաստ ենք նման իրավիճակի»․ թատրոնի տնօրենը՝ դերասանների ծեծվելու մասին

«Մենք միշտ պատրաստ ենք նման իրավիճակի»․ թատրոնի տնօրենը՝ դերասանների ծեծվելու մասին

Պատանի հանդիսատեսի թատրոնում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի թեման փակված է։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է թատրոնի տնօրեն Հայկ Խերանյանը և խորհուրդ տվել «չբարդացնել այդ հարցը»։ Հիշեցնենք, որ 114 դպրոցի աշակերտները ներկայացման ավարտին թատրոնի ճեմասրահում ծեծել են թատրոնի դերասաններին։

«Ամեն ինչ վերջացել է, ամեն ինչ նորմալ է, ու եթե շատ բան լիներ, ես ոստիկանություն կկանչեի։ Ամեն ինչ հարթվել է ու կարգավորվել», – պնդել է Խերանյանը։

Նա նշել է, որ իրենց թատրոնում նման միջադեպեր հաճախ են լինում՝ «պարզապես երեկվա աշակերտները մի քիչ բարձր դասարանցիներ էին, մի քիչ վատ են իրենց պահել, դերասանները դիտողություն են արել՝ այդքանն է եղել»։

«Մենք միշտ պատրաստ ենք նման իրավիճակի, քանի որ գործ ունեք դպրացական տարիքի երեխաների հետ», – եզրափակել է տնօրենը։

Newsbook.am-ը երեկ գրել էր, որ Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը» վիպակի բեմադրության ընթացքում դահլիճում անասելի աղմուկ-իրարանցում է եղել, ինչին սակայն ուսուցիչները ուշադրություն չեն դարձրել։

Ներկայացումը մի քանի անգամ ընդհատվել է, քանի որ դերասաններն անզոր էին տեքստ արտաբերել, տեսարաններ խաղալ:

«Իսկ ահա ներկայացման ավարտին թատրոնի ճեմասրահում աշակերտներին է մոտենում երիտասարդ դերասան Քաջայր Հակոբյանը և դիտողություն անում: Դեռահասները, կարծես, այս դիտողությանն էին սպասում, նրանք խմբովի նետվեցին դերասանի վրա, և սկսվեց ամենաիսկական ծեծուջարդը: Վրա հասած մյուս դերասանները ևս ծեծի ենթարկվեցին, մինչդեռ ուսուցիչները, հեռվում կանգնած, անտարբեր նայում էին», – գրել էր կայքը։