Home / Հայաստան / Թուրքական ավիաընկերությունները պատրաստ են Ղրիմ թռչել

Թուրքական ավիաընկերությունները պատրաստ են Ղրիմ թռչել

Թուրքական ավիաընկերությունները պատրաստ են վերսկսել Ղրիմի հետ օդային հաղորդակցումը։ Այս մասին հայտնել է «Սիմֆերոպոլ» միջազգային օդանավակայանի դիտորդական խորհրդի նախագահ Գենադի Նարաևը: «Թուրքական ավիացիոն իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 1-ից վերսկսել չվերթները դեպի Ստամբուլ»,- Նարաևի խոսքերն է փոխանցում «Ղրիմինֆորմը»։

Նարաևի խոսքով՝ ներկայումս դեպի Սիմֆերոպոլ թռիչքներ են իրականացնում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Ուզբեկստանի ավիաընկերությունները։ Միևնույն ժամանակ, Կիևի հետ օդային հաղորդակցման վերականգնումը մնում է քաղաքական հարթության վրա։ «Պաշտոնական Կիևն ուղղակի արգելք է դրել այդ չվերթների վրա»,- ընդգծել է դիտորդական խորհրդի նախագահը։

Նա հայտնել է, որ Ռուսաստանն իրենն է ճանաչել Ղրիմի օդային տարածքը, ու համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են Քաղավիացիայի միջազգային կազմակերպություն: «Այնուհետև գործի մեջ են մտնում արտգործնախարարները, քանի որ Ուկրաինան նույնպես իր հավակնություններն է ներկայացնում Ղրիմի օդային տարածքի համար։ Սա արդեն արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակ է, ու կարծում եմ՝ մոտակա ժամանակներում բանակցությունները կավարտվեն, ու օդային հաղորդակցման հետ կապված խնդիրներ չեն լինի»,- նշել է Նարաևը։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր չէ ճանաչել Ղրիմի հանրաքվեն, քանի որ այն հակասում է միջազգային նորմերին: