Home / Հայաստան / Քաղցկեղով հիվանդ անձանց չի տրամադրվել անվճար քիմիոթերապիա․ օմբուդսմենը՝ առողջապահության մասին

Քաղցկեղով հիվանդ անձանց չի տրամադրվել անվճար քիմիոթերապիա․ օմբուդսմենը՝ առողջապահության մասին

ՀՀ օրենսգրքում մինչ օրս բացակայում է «բժշկական սխալ» հասկացությունը, ինչի հետևանքով հնարավոր չէ օբյեկտիվ գնահատել բժշկի անփութության, սխալ բժշկական միջամտության և այլ դեպքերը, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքներ: Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի առողջապահության ոլորտին նվիրված հատվածում։

Օմբուդսմենը մատնանշել է ոլորտի մի շարք այլ խնդիրներ ևս․

– Չնայած կառավարության որոշմանը՝ բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաները չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր:

– Դեռևս չեն սահմանվել բժշկական էթիկայի կանոններ, ինչի հետևանքով բազմաթիվ դեպքերում բժշկական գաղտնիքը չպահպանող, պացիենտների նկատմամբ անհարգալից վերաբերվող բժիշկները չեն պատժվել:

– Բավարար չի ֆինանսավորվել սոցիալապես անապահով անպտուղ զույգերի արտամարմնային բեղմավորումը, որը միջինում կազմում է 3500-5000 ԱՄՆ դոլար: Արդյունքում հազարավոր անպտուղ զույգեր զրկվել են երեխա ունենալու հնարավորությունից:

– Մարդու կյանքին սպառնացող «ցրված սկլերոզ» հիվանդությունը դեռևս չի ներառվել Կառավարության որոշման այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում բուժման դեղերը տրվում են անվճար: Արդյունքում նման ծանր հիվանդությամբ տառապող անձանց համար այդ թանկ դեղերը հիմնականում հասանելի չեն լինում:

– Չեն մշակվել օրենսդրական կարգավորումներ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման համար, մինչդեռ այդ խնդիրը կրում է համատարած բնույթ:

– Ցածր վարձատրության և ԲՈՒՀ-երում անվճար ուսման քիչ տեղերի հետևանքով խիստ անբավարար է եղել հոգեբույժների քանակը:

– Մի շարք դեպքերում քաղցկեղով հիվանդ անձանց չի տրամադրվել օրենքով հասանելիք անվճար քիմիոթերապիան:

– Օրենսդրական թերի կարգավորման պատճառով բժիշկները պաշտպանված չեն եղել պացիենտների հոգեբանական ճնշումներից և վիրավորանքներից: