Home / Տեսանյութեր / Ղարաբաղի հարցում Պուտինի հաշվարկները կտարբերվեն իր նախկին հաշվարկներից․ դե Վաալ

Ղարաբաղի հարցում Պուտինի հաշվարկները կտարբերվեն իր նախկին հաշվարկներից․ դե Վաալ

Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ, «Սև այգի» գրքի հեղինակ, լրագրող Թոմաս դե Վաալն իր վերջին վերլուծական հոդվածում անդրադառնում է Ղրիմի ճգնաժամի ֆոնին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, գրում է «Ազատություն»-ը։

Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավման ազդեցությունը շարունակում է թևածել հետխորհրդային տարածքում, գրում է հեղինակը:

«Նախագահ Վլադիմիր Պուտինի այդ քայլը վերաբացեց 90-ականներին այդ տարածաշրջանում բռնկված ինքնիշխանության շուրջ վեճերի Պանդորայի արկղը: Կովկասում գլխավոր խաղացողներն այժմ վերագնահատում են` ի՞նչ է սա նշանակում չկարգավորված հակամարտությունների համար»,- գրում է փորձագետը՝ միաժամանակ նկատելով, որ այժմ հարմար պահ չէ աշխուժացնել Լեռնային Ղարաբաղի` տարածաշրջանի ամենահին և ամենախոշոր հակամարտության խնդիրը:

Տարիների ընթացքում Ռուսաստանը տարբեր օրակարգեր և փոփոխվող դերակատարություն է ունեցել Ղարաբաղի հարցում` հակամարտության ընթացքում ակտիվ միջամտությունից և 1994 թվականի զինադադարի շուրջ բանակցություններից մինչ երկարատև և բավական ներդաշնակ համագործակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:

«Արդյոք փոխվե՞լ է դա»,- հարցնում է վերլուծաբանը և շարունակում․ «Մինսկի խումբն, ամենայն հավանականությամբ, կգոյատևի: Սակայն խաղաղ կարգավորում ապահովելու՝ Մինսկի խմբի կարողությունները ներկայումս ավելի քան թուլացած են թվում, և Պուտինի հաշվարկները Ղարաբաղի հարցում այժմ, հավանաբար, կտարբերվեն իր նախկին հաշվարկներից, որոնք նա ուներ ամիսներ առաջ, ճիշտ այնպես, ինչպես նրա «մերձավոր արտասահմանի» պարագայում»:

Ղրիմի ճգնաժամի բռնկումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի հարցում անմիջապես կոշտացրեցին իրենց դիրքորոշումը, նկատում է վերլուծաբանը:

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զանգահարեց Պուտինին` ցուցաբերելով նրան ոչ լիարժեք աջակցություն: Չնայած դա էլ բավական էր Ուկրաինայի համար, որպեսզի վերջինս ետ կանչեր իր դեսպանին Երևանից: Սարգսյանն աջակցություն հայտնեց Պուտինի քայլի առաջին կեսին` Ղրիմի հանրաքվեին, բայց ոչ մի խոսք Ռուսաստանի` Ղրիմը բռնակցելու իրավունքի մասին: Դրանով Սարգսյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղի հայերն ունեն հանրաքվեի միջոցով անջատվելու իրավունք»,- գրում է դե Վաալը:

Վերլուծաբանը նաև գրում է՝ գաղտնիք չէ, որ այս ճգնաժամում Ադրբեջանը նախապատվությունը տալիս է Ուկրաինային, սակայն մեծամասամբ լռություն պահպանելով, չցանկանալով առանց հիմնավոր պատճառի վիրավորել Ռուսաստանին: Ալիևը, սակայն, Նովրուզի տոնախմբությանը Ղարաբաղի հարցում արտառոց ագրեսիվ ելույթ ունեցավ՝ ասելով, որ ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանի այլ տարածքները «Ադրբեջանի պատմական հողերն են»:

Երկու երկրների նախագահներն մասնակցեցին Հաագայում կայացած Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Նրանք հանդիպեցին միջնորդների, սակայն ոչ միմյանց հետ:

«Եթե նրանք ռազմավարական հեռատեսություն ունենային, ապա կդիտարկեին Ղրիմի ճգնաժամը որպես մերձեցման հնարավորություն և Ղարաբաղի շուրջ անհամաձայնությունները հարթելու հնարավորություն, այլ ոչ թե թույլ կտային ենթարկվել արտաքին ուժերի կողմից հաստատված նոր օրակարգի շահարկումներին: Բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունն ու այն կառուցելու կամքի դրսևորումն այնքան փոքր են, որ ավելի հավանական է, որ խաղաղության հասնելու համար Ղրիմը դառնա ևս մեկ խոչընդոտ»,- եզրակացնում է բրիտանացի փորձագետը:

Թարգմանությունը՝ Azatutyun.am