Home / Տեսանյութեր / Օմբուդսմենը ՊԵԿ պաշտոնյաների բիզնեսներ ունենալը սխալ է որակում, բայց անուններ չի նշում

Օմբուդսմենը ՊԵԿ պաշտոնյաների բիզնեսներ ունենալը սխալ է որակում, բայց անուններ չի նշում

Հարկային կամ մաքսային մարմինների որոշ պաշտոնյաներ կամ նրանց հարազատները՝ ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը, եղբայրները, միաժամանակ զբաղվել են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Այս մասին իր տարեկան զեկույցի Պետեկամուտների կոմիտեին առնչվող հատվածում գրում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։ Օմբուդսմենը, սակայն, կոնկրետ անուններ չի նշում։

Անդրեասյանն ընդգծում է, որ նման գործունեության արդյունքում այդ անձինք անօրինական առավելություններ են ստացել միևնույն շուկայում գործող այլ գործարարների նկատմամբ՝ դարձյալ անդրադարձ չկատարելով կոնկրետ դեպքերի:

Խնդրին անդրադառնալով ընդհանրական ձևակերպումների միջոցով՝ Անդրեասյանը նշում է, որ «հարկային և մաքսային ծառայողների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը նաև առաջացնում է շահերի լրջագույն բախում»:

«Մտահոգիչ է նաև, երբ ձեռնարկատիրական գործունեություն են ծավալել նշված մարմինների ծառայողների մտերիմ ազգականները և բարեկամները, ովքեր հաճախ օգտվել են օրենքով չսահմանված արտոնություններից ի օգուտ իրենց գործարար շահերի: Այսպիսի չարաշահումների դեպքերն արդյունավետ չեն վերահսկվում ոլորտի լիազոր մարմնի կողմից, որն էլ իր հերթին հանգեցրել է օրենսդրության տարատեսակ խախտումների», – նշում է օմբուդսմենը:

Զեկույցի մեջ նաև նշվում է, որ 2013 թվականին Պաշտպանի կողմից ՊԵԿ-ի նախագահին ներկայացվել է առաջարկություն, որ նշված խնդրի առնչությամբ իրականացվեն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություններ:

«Հարկավոր է արձանագրել, որ 2013 թվականի ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հարկային մարմնի պաշտոնատար անձանց կամ նրանց հետ ուղղակի փոխկապակցված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երկու դեպք է հայտնաբերվել, որոնց կապակցությամբ իրականացված ծառայողական քննությունների արդյունքում երկու հարկային ծառայողներ ազատվել են հարկային ծառայությունից», – եզրափակում է օմբուդսմենը։

Նշենք, որ 2013 թվականի ընթացքում մամուլում բազմաթիվ անդրադարձներ են եղել այն փաստին, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը (լուսանկարում) զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ 2013 թվականի մայիսին, հիմնվելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հարապարակման վրա, համաձայն որի Գագիկ Խաչատրյանին են դե ֆակտո պատկանում, մասնավորապես, դրամարկղային մեքենաների համար անհրաժեշտ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» և ինտերնետային ծառայություններ տրամադրող «Յուքոմ» ընկերությունները, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողովին՝ խնդրելով ստուգել հրապարակման մեջ առկա փաստերը:

Հանձնաժողովը եզրակացրել էր, թե Գագիկ Խաչատրյանը բիզնեսներ չունի՝ նշելով, որ «Ապեյրոն» ընկերությունը պատկանում է նրա որդիներին՝ Գուրգենին և Արտյոմին: Նրանց է պատկանում նաև «Մեգամոթորս» ընկերությունը: «Մեգաֆուդ» ընկերությունը ՊԵԿ նախագահի հորեղբոր որդունն է՝ Արամ Խաչատրյանինը: Վերջինիս է պատկանում նաև «Յուքոմի» 41 տոկոս բաժնեմասը: «Մեգասպորտ» ընկերությունը նրա հորաքրոջ որդունն է՝ Արմեն Նազարյանինը, իսկ «Խրոնոգրաֆ» ընկերությունը հորեղբոր որդունն է՝ Հայկ Խաչատրյանինը։