Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանատան մոտ պահանջեցին աչք չփակել Քեսաբի դեպքերի վրա

ԱՄՆ դեսպանատան մոտ պահանջեցին աչք չփակել Քեսաբի դեպքերի վրա

Այսօր մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջելով աչք չփակել Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների վրա և դատապարտել Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի գործողությունները Սիրիայում: Ակցիայի մասնակիցները նշել են, որ եկել են դեսպանատուն՝ իրենց մտահոգությունը հայտնելու Քեսաբում հայ բնակչության տեղահանությունների վերաբերյալ, որոնց մասնակցել են ԱՄՆ ռազմավարական գործընկեր Թուրքիայի ռազմական ուժերը։

«Հաշվի առնելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է, մենք պահանջում ենք, որ ԱՄՆ՝ որպես ժողովրդավարության ջատագով, հանդես գա ի պաշտպանություն քաղաքացիների, ում իրավունքները երկար ժամանակ խախտվում են։ Մենք ուզում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկի քեսաբցիների ու ընդհանրապես քրիստոնյաների հարցը Սիրիայում», – հայտարարել է ակցիայի մասնակցներից մեկը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցների մոտ է դուրս եկել ԱՄՆ փոխդեսպան Կլարկ Փրայսը, ով լսել է ակցիայի մասնակիցների պահանջը, ապա զրուցել ակցիային մասնակցող երկու քեսաբահայ երիտասարդներին։

Նա խոստացել է քեսաբահայերի մտավախությունները ներկայացնել ԱՄՆ դեսպանին։