Home / Հայաստան / Ձկնաբուծության մասին կառավարության նոր որոշումը բիզնես շահե՞ր է հետապնդում

Ձկնաբուծության մասին կառավարության նոր որոշումը բիզնես շահե՞ր է հետապնդում

Արարատյան ջրավազանի ջրային պաշարի անարդյունավետ օգտագործման հետևանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, ինչը պայմանավորված է նաև խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի ոչ պատշաճ հսկողությամբ, հայտարարում է ՀՀ կառավարության կայքը:

Այսօր գործադիրը որոշում է կայացրել խստացնել հսկողությունը, ինչն էլ, համաձայն որոշման, կնպաստի ապօրինի շահագործվող խորքային հորերի նկատմամբ հսկողական համակարգի ներդրմանը և կիրառմանը:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվության, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը»: Փաստաթղթով արգելվել է Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը. նշված մարզերի համայնքների ղեկավարները չպետք է տրամադրեն նախկինից ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն չհորատված հորատանցքերի շինարարական թույլտվություն: Որոշմամբ հաստատված կարգի համաձայն տրված են ապօրինի շահագործվող, չշահագործվող, լուծարման և կոնսերվացման ենթակա հորատանցքերի, ինչպես նաև դրանց առնչվող անձանց ու կատարվող գործողությունների սահմանումները, ինչն էլ թույլ կտա այդ գործողություններն իրականացնել առանց տարաբնույթ մեկնաբանությունների: Կառավարությունը նշում է, որ ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է հանդիսանալու ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչև 1/3 չափի հասցնելը, որի համար ջրօգտագործողները պետք է ներդնեն ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, ինչպես նաև ջրօգտագործման ավտոմատ կառավարման արդի սարքավորումներ:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի և կգնահատի մինչև 2014թ. ապրիլի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն մուտքագրված հայտերը և կգործի մինչև 2014թ. օգոստոսի 1-ը:

Նշենք, որ մարտի 7-ին ձկնաբուծարանների թեմային անդրադառնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արարատյան դաշտավայրի ընդերքային ջրերի անխնա օգտագործման հարցում իշխանությունների հանկարծահաս մտահոգությունը բիզնես շահեր է հետապնդում։

«ՀՀ կառավարության մարտի 6-ի նիստում որոշվել է Սևանում ձկնաբուծության ծրագրի Հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին։ Այդքանով Սերժ Սարգսյանն իր անձնական վերահսկողության տակ է վերցնում Սևանա լիճը մի հսկա ձկնաբուծարանի վերածող այս խիստ վտանգավոր ծրագիրը», – գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը՝ հավելելով, որ նման որոշման պատճառը մրցակիցներին բիզնեսից դուրս թողնելն է։

Նշենք, որ, համաձայն մամուլում տարածված տեղեկությունների, Արարատյան դաշտավայրում ձկնաբուծարանների սեփականատերը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է։ Ձկնաբուծական բիզնեսում Հովիկ Աբրահամյանի ներգրավված լինելու մասին ԱԺ ամբիոնից բարձրաձայնել էր Զարուհի Փոստանջյանը։