Home / Տեսանյութեր / Որոշումը հակասում է ՀՀ օրենքին․ փաստաբանին արգելեցին այցելել սպանության մեջ մեղադրվողին

Որոշումը հակասում է ՀՀ օրենքին․ փաստաբանին արգելեցին այցելել սպանության մեջ մեղադրվողին

2014թ. մարտի 28-ի երեկոյան սպանության մեջ մեղադրվող վանաձորցի Կարեն Կունգորցևի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող անկախ դիտորդական խմբից տեղեկություն է ստացել այն մասին, որ իր պաշտպանյալը խմբին ուղղված նամակում տեղեկացնում է, թե պատրաստվում է ինքնասպանություն գործել, եթե գործի նախաքննության ընթացքում փոփոխություններ չլինեն:

Չնայած նրան, որ Պապիկյանը Կունգորցևին տեսակցել էր մեկ օր առաջ` մարտի 27-ին, մարտի 29-ին նա ևս մեկ անգամ գնում է «Վանաձոր» ՔԿՀ` հանդիպելու իր պաշտպանյալի հետ, սակայն նրան արգելում են դա անել` պատճառաբալով, որ շա0բաթ օրը աշխատանքային չէ:

«Վանաձոր» ՔԿՀ-ում նրան տեղեկացրել են, որ երբևէ որևէ փաստաբան կամ քննիչ չի մտել ՔԿՀ ոչ աշխատանքայի օրերին: Քանի որ ՔԿՀ պետը և նրա տեղակալը տեղում չեն եղել, հերթափոխի պետը զանգահարել է ՔԿՀ պետին, տեղեկացրել պաշտպանի այցի մասին, ապա Պապիկյանին հայտնել, որ պետը թույլ չի տվել տեսակցել պաշտպանյալի հետ։

eTV-ի հետ զրույցում Պապիկյանը մեջբերել է, որ, ըստ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, ձերբակալված և կալավորված անձանց տրամադրվում են առանձին, անարգել տեսակցություններ փաստաբանի հետ առանց քանակի և տևողության սահմանափակման:

Մի քանի ժամ անց Պապիկյանը վերադարձել է ՔԿՀ դիտորդական խմբի անդամներից մեկի հետ: Հերթափոխի պետը խնդիր չի տեսել խմբի անդամի այցելության մեջ, սակայն կրկին թույլ չի տվել փաստաբանին տեսակցել իր պաշտպանյալին:

Պապիկյանը մարտի 31-ին ՔԿՀ-ում պահանջել է ներկայացնել օրենքը, որով իրեն արգելվել է այցելել իր պաշտպանյալին: ՔԿՀ իրավաբանը ներկայացրել է կառավարության «ՀՀ ԱՆ ՔԾ` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N1543 որոշման 144 կետը, ըստ որի` երկարատև տեսակցությունը տրամադրվում է, իսկ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում:

Պապիկյանը նշում է, որ փաստորեն կառավարության վերոնշյալ որոշումը հակասում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքին:

«Եվ ստացվում է, որ ըստ անհրաժեշտության և հարմարության` կառավարության որոշումը գերակայում է օրենքի նկատմամբ», – ասել է Պապիկյանը:

Պապիկյանը նաև մտահոգություն է արտահայտել, որ մինչև հիմա ոչ մի փաստաբան չի խոսել խնդրի շուրջ և փաստորեն ոչ մեկի մոտ շաբաթ կամ կիրակի օրերին իրենց պաշտպանյալին տեսակցելու անհրաժեշտություն չի եղել:

Նշենք, որ մարտի 31-ին Պապիկյանը հանդիպել է Կունգորցևին, ու վերջինս դժգոհել է քննիչի աշխատանքից, իր նկատմամբ կալանք կիրառելու փաստից։ Վաղը դատարանում քննվելու է Կունգորցևի նկատմամբ կալանքը երկարաձգելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում

15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Կունգորցևը չի ընդունում իր մեղքը, իրավապաշտպաններն ու փաստաբանը մատնանշում են նախաքննության ընթացքում գրանցված խախտումների մասին։ Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է իրականացրել: Մեղադրյալի մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը։