Home / Տեսանյութեր / ՍԴ անդամը կուտակայինի մասին իրարամերժ պնդումներ է արել․ հաղորդումը եթերից հանվել է

ՍԴ անդամը կուտակայինի մասին իրարամերժ պնդումներ է արել․ հաղորդումը եթերից հանվել է

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի խնդրանքով «Արմնյուզ» հեռուստանըկերությունը եթերից հանել է ապրիլի 2-ի «Բանաձև» հաղորդման կրկնությունը: Հաղորդման տեսագրությունը նույն պատճառով բացակայում է նաև հեռուստաընկերության կայքից: Այս մասին գրում է iLur.am-ը՝ նշելով, որ այդ մասին իրենց հայտնել է «Բանաձև» հաղորդաշարի պրոդյուսերը։

iLur.am-ի փոխանցմամբ՝ հաղորդման տեսագրությունը հեռացվել է նաև Ucom ընկերության տրամադրած թվային հեռուստատեսության շտեմարանից, այնուհանդերձ, կայքին հաջողվել է ձեռք բերել հաղորդման տեսագրությունը:

Բանն այն է, որ դատավոր Թոխյանն այդ հաղորդման ժամանակ հայտարարում է, թե ՍԴ հայտնի վճռից հետո աշխատողները կարող են պահանջել իրենց գործատուներից՝ կուտակային պահումներ չկատարել:

«Մենք ասել ենք, օրենքի դրույթները հակասահմանադրական ճանաչող որոշումը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 30-ից: Սակայն պարզից էլ պարզ է՝ հակասահմանադրական ճանաչված դրույթները չպետք է գործեն: Մենք նաև ասել ենք՝ մեր աշխատակարգային որոշումից հետո շուրջ 127 հազար մարդուց գանձված գումարները պետք է վերադարձվեն: Եթե դու հիմա չես վերադարձնում, վերադարձնելու ես սեպտեմբերից հետո: Եթե դու մինչեւ սեպտեմբեր որեւէ բան պահես, վերադարձնելու ես սեպտեմբերից հետո: Ուրեմն՝ անմտություն է հիմա ուղղակի պահելը, որովհետեւ բոլոր դեպքերում սեպտեմբերից հետո մարդկանց փողերը վերադարձնելու ես»,- ասել է ՍԴ անդամը։

Հաղորդումը վարողը հարցնում է՝ «Այսինքն, աշխատողները կարո՞ղ են պահանջել գործատուից, ասել՝ մի կիրառեք պարտադիրը, եւ պետք է պահում չլինի»: «Այո՛, իհարկե», – պատասխանում է ՍԴ անդամը:

Մինչդեռ ավելի ուշ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդման ժամանակ Թոխյանը հայտարարում է միանգաման հակառակը՝ «թյուրիմացություն է, պարտադիր պահանջը չի վերացվել: Մինչև սեպտեմբերի 30-ը պարտավոր են վճարել, սա միանշանակ է»:

iLur.am-ը փորձել է բացատրություն ստանալ նաև Ֆելիքս Թոխյանից, սակայն վերջինս հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, որ «դասերի է՝ լրագրողների հետ շփվելու ժամանակ չունի»:

ՍԴ վճռի շուրջ առաջացած խառնաշփոթը է՛լ ավելի է խորացնում էլեկտրոնային ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Հանրային հեռուստատեսությունը եթեր չի հեռարձակել «Հարցազրույց» հաղորդաշարի ապրիլի 2-ի՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի մասնակցությամբ թողարկումը, թեև նախօրոք այն տեսագրվել էր:

Հանրայինից iLur.am-ին տեղեկացրել են, որ հաղորդումը եթեր չի գնացել, որովհետև Գագիկ Հարությունյանը, հակառակ պայմանավորվածությանը, չի ժամանել հեռուստաստուդիա: