Home / Հայաստան / Դատախազը դժվարանում էր ընթերցել դատական նիստի ժամանակ․ դատ

Դատախազը դժվարանում էր ընթերցել դատական նիստի ժամանակ․ դատ

Ապրիլի 3-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած Աշոտ Առուշանյանի և Էդգար Կարաքեշիշյանի գործով դատական նիստին դատախազ Տիտան Ուզոյանը դժվարանում էր ընթերցել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են Հելսինկյան ասոցիացիայի դիտորդներ Արման Վեզիրյանն ու Էդուարդ Դանիելյանը։

Դիտորդների խոսքով՝ դատախազին օգնության էր հասնում դատավոր Մեսրոպ Մակյանը։

«Կարելի է ենթադրել, որ կամ դատախազն ընդհանրապես գործին ծանոթ չէր, կամ պարզապես կարդալ չգիտեր», -մեզ հետ զրույցում նշել է Էդուարդ Դանիելյանը:

Դատական նիստին ընթերցվել են վկաների ցուցմունքները և հայտարարվել է ապացույցների հետազոտման փուլ:

Վկաներից մեկըԷդգար Կարաքեշիշյանի եղբայրն է, ով ոստիկանության նախկին աշխատակից է և այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

Ըստ գրված ցուցմունքի` նա իր եղբոր` Էդգար Կարաքեշիշյանի և Արտաշես Գալուստյանի հետ գնացել է Շահումյանի դպրոցի դիմաց գտնվող տուրիստական գործակալություն, որտեղից գնել են 2 տոմս դեպի ՌԴ։ Վկան գրել է, որ չի իմացել, թե որտեղից նրանց այդ գումարը:

Մյուս վկան Կարաքեշիշյանին մի քանի անգամ հանդիպած ծանոթն է, ով ևս գրել էր, որ պետք է մեկներ ՌԴ, սակայն չգիտեր, թե որտեղից նրան այդ գումարը:

Երրորդ վկան ևս նախկին ոստիկանության, ապա Ազգային անվտանգության աշխատակից էր, ով գրել էր, թե Գալուստյանի հոր հետ է զրուցել, վերջինս ասում էր, թե Կարաքեշիշյանը սպառնում է իր որդուն և ճնշում է գործադրում նրա վրա ՔԿՀ-ում: Այս ցուցմունքները հանդիսացել են հիմք ենթադրելու, որ Կարաքեշիշյանը գումար է գողացել:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրող դատախազ Տիտան Ուզոյանի մեղադրական եզրակացության`2011թ. նոյեմբերի 21-ին ամբաստանյալները կազմակերպել են «Մանանա գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 միլիոն դրամ գումարի հափշտակությունը։ Գումար ունենալու մասին տեղեկատվությունը տրամադրել էր HSBC բանկի «Ռիսկերի կառավարման» բաժնի գլխավոր մասնագետ, «Ռազմավարական պաշտպանություն քաղցկեղից» հ/կ նախագահ Աշոտ Առուշանյանը: Մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը։

«Գործով առկա չէ որևէ ապացույց, թե Աշոտ Առուշանյանը որևէ մեկին տեղեկատվություն է տրամադրել «Մանանա գրեյն» ՍՊԸ կողմից բանկ տեղափոխվող գումարների չափի և դրանց տեղափոխման մասին», – ասել էր Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։