Home / Հայաստան / Գրողի ականջի համար պարգև խոստացողն այժմ սպառնում է կտրել Ժիրինովսկու ականջը

Գրողի ականջի համար պարգև խոստացողն այժմ սպառնում է կտրել Ժիրինովսկու ականջը

Ադրբեջանական «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը սպառնացել է կտրել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ականջը։ Այս մասին հայտնում է Haqqin.az կայքը։

Սպառնալիքների պատճառը Ժիրինովսկու հայտարարություններն են Ադրբեջանի մասին, որոնք Հաջիևը վիրավորական է համարել։ «Այդ վիրավորանքների համար ես անձամբ կկտրեմ նրա ականջը։ Իսկ ովքեր չեն կարողանում Ժիրինովսկուն արժանի պատասխան տալ, իրենք էլ հավասարվում են նրան»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքական գործիչը։ Իր մտադրությունների մասին մանրամասներ նա չի հայտնել։

Ավելի վաղ՝ 2013 թվականին, Հաֆիզ Հաջիևը դրամական պարգև էր խոստացել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ականջը կտրելու համար (Այլիսլին իր երկրում քննադատության է ենթարկվել «Քարե երազներ» վեպի համար, որը նվիրված է «իրենցից հետո չսգացած ցավ թողած հայերին»)։

Հաջիևի դժգոհությանն արժանացել է Ժիրինովսկու ելույթը Դումայում, որի ընթացում լիբերալ-դեմոկրատների առաջնորդը արտահայտվել է Ուկրաինայի և ուկրաինացիների մասին, իսկ վերջում՝ որոշել բացատրել «Ադրբեջան» բառի իմաստը։ «Ի՞նչ է նշանակում Ադրբեջան։ Ես ձեզ համար այն կթարգմանեմ ռուսերեն լեզվով։ «Ազեր» նշանակում է Խազար դենիզի, այսինքն՝ Կասպից ծով, «բաջա» նշանակում է երկրամաս։ Այսինքն, [ադրբեջանցիները] մարդիկ են, ովքեր ապրում են Կասպից ծովի ափին։ Ի՞նչ է, դա ազգությո՞ւն է։ Այդ մարդիկ որոշակի տեղանքի բնակիչներ են»,- հայտարարել էր նա։

Ժիրինովսկու բառերին արձագանքել է նաև Համառուսական ադրբեջանական կոնգրեսը։ Այն նամակ է ուղարկել Պետդումա, որով պահանջել է՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի ելույթը քննության առնվի Խորհրդարանական էթիկայի հանձնաժողովի կողմից։ Կոնգրեսը նամակ է պատրաստել նաև Գլխավոր դատախազության համար։ «Մեր նպատակն է, որ անարդար հարձակումների և զրպարտության ենթարկված ադրբեջանական ժողովրդի ձայնը լսվի, իսկ մեղավորը՝ Վլադիմիր Ժիրինովսկին, պատասխանատվության ենթարկվի օրենքի սահմաններում»,- հայտարարել է կոնգրեսի գործադիր տնօրեն Իլգար Հաջիևը։