Home / Հայաստան / Դոնեցկի «ազգային խորհուրդը» հայտարարել է Ռուսաստանի կազմ մտնելու մասին

Դոնեցկի «ազգային խորհուրդը» հայտարարել է Ռուսաստանի կազմ մտնելու մասին

Դոնեցկի շրջանային խորհուրդը գրաված ցուցարարները հայտարարել են Դոնեցկի անկախ հանրապետության ստեղծման մասին։ Այս որոշումն ընդունվել է Դոնեցկի ինքնահռչակ «ազգային խորհրդի» արտահերթ նիստի ժամանակ։

Ostro.org կայքի թղթակիցը հայտնում է, որ հանրահավաքը վարող ակտիվիստը հայտարարել է՝ «այսուհետ Դոնեցկի շրջանն անկախ հանրապետություն է»։

Ամբոխը նրա հայտարարությունն ընդունել է ծափողջույններով ու սկսել վանկարկել «Ռուսաստան, Ռուսաստան»։

Ավելի ուշ «ազգային խորհուրդը» մեկ այլ որոշում է ընդունել՝ նորաստեղծ հանրապետությունը ՌԴ կազմի մեջ մտցնելու մասին։ Ցուցարարներն այս նորությունն ընդունել են «Պուտին, օգնիր» վանկարկումներով։

Ավելի վաղ ցուցարարները պահանջում էին այս որոշումն ընդունել շրջանային խորհրդի լեգիտիմ նիստի ժամանակ, սակայն պատգամավորները չեն ներկայացել, ու ցուցարարները նրանց «զրկել են» մանդատներից ու «ձևավորել ազգային շրջանային խորհուրդ»։

Ներկա պահին շրջանային խորհրդի շենքի մոտ գտնվող դրոշակափայտից իջեցվել է Դոնեցկի շրջանի դրոշը․ այն փոխարինվել է «Դոնեցկի հանրապետության» դրոշով։

Ուկրաինացի քաղաքական գործիչներն ու փորձագետները նշում են, որ նման գործողությունները կառավարվում են Ռուսաստանի իշխանությունների կողմից։