Home / Հայաստան / Բաքվում հավաքվել են ԱՊՀ-ի գլխավոր գեներալները․ բացակայում են Հայաստանն ու Ուկրաինան

Բաքվում հավաքվել են ԱՊՀ-ի գլխավոր գեներալները․ բացակայում են Հայաստանն ու Ուկրաինան

Երեքշաբթի՝ ապրիլի 8-ին, Բաքվի Four Seasons հյուրանոցում ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ իր աշխատանքն է սկսել ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի մեկօրյա նիստը։ Այս մասին հայտնում է contact.az կայքը։

Նիստին կհաստատվի գործընկերական հարաբերությունների հայեցակարգը հինգ տարի ժամկետով։ Կոմիտեի անդամները մեծ ուշադրություն կդարձնեն նոր մարտահրավերներին և սպառնալիքներին գործնական արձագանքման, ինչպես նաև պաշտպանության ոլորտում համագործակցության բարելավման հարցերին։

Նիստին մասնակցում է 6 երկիր՝ Ադրբեջան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան։ Բաքվի նիստը կանցնի առանց Ուկրաինայի և Հայաստանի մասնակցության։ Ուկրաինան կասեցրել է ԱՊՀ-ում իր նախագահությունը՝ Ռուսաստանի կողմից ագրեսիայի կապակցությամբ, և դիտարկում է կազմակերպությունից դուրս գալու հարցը։

Նախօրեին՝ ապրիլի 7-ին, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի Բաքու կատարած այցի շրջանակներում բանակցություններ է անցկացրել իր ադրբեջանցի գործընկեր Նեջմեդին Սադիգովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ինչպես հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ Սադիգովը հյուրի ուշադրությունը հրավիրել է «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիային»։ Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրվելու են»։

Խոսելով տարածաշրջանում ռազմա-քաղաքական իրավիճակի մասին՝ Հասանովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը։ Նա ընդգծել է հակամարտության կարգավորման կարևորությունը՝ միջազգային իրավունքի շրջանակներում։

Գերասիմովն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է։

«Գլխավոր շտաբի պետի հետ քննարկել ենք հետագա ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ հարցեր․ դրա զարգացման համար հեռանկարներ կան։ Թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի, թե Հայաստանի համար կարևոր է Ղարաբաղի հարցի լուծումը՝ առաջ շարժվելու և դրա զարգացման ռազմական ուղիները բացառելու համար»,- Գերասիմովի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Գերասիմովը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության վրա, և Ադրբեջանը Ռուսաստանի ամենակարևոր գործընկերներից է։