Home / Տեսանյութեր / Փաստաբանը պնդում է՝ դատավորն անաչառ չէ․ սպանության մեջ մեղադրվողի կալանքը երկարաձգեցին

Փաստաբանը պնդում է՝ դատավորն անաչառ չէ․ սպանության մեջ մեղադրվողի կալանքը երկարաձգեցին

Սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգորցևի կալանքը ևս մեկ անգամ երկրաձգվել է։ Դատարանը հերթական անգամ հաշվի չի առել պաշտպանի միջնորդությունը։

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վարդուհի Հովնանյանի (լուսանկարում) նախագահությամբ 2014 թ. ապրիլի 4-ին սկսեց և ապրիլի 7-ին ավարտեց Կարեն Կունգորցևի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին միջնորդության քննությունը: Դատական նիստը սկսվեց նրանով, որ Կունգորցևի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Պապիկյանը հիմնավորել է, որ Կունգորցևին կալանավորելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին քննիչի կողմից ներկայացվել է 4 միջնորդություն, որոնք քննել է նույն դատավորը՝ Հովնանյանը: Նախորդ 3 միջնորդությունները բավարարվել են, անգամ այն դեպքում, երբ քննիչը ոչ մի հիմնավոր փաստ կամ ապացույց չի ներկայացրել դատարանին՝ սահմանափակվելով բացառապես օրենսդրական ձևակերպումներով:

Փաստաբանը միջնորդության մեջ նշել է, որ դատարանը դատական ակտը հիմնավորում է սոսկ օրենսդրական ձևակերպումներով, որը ոչ միայն բավարար չէ, այլ անթույլատրելի է անձի կալանքի ժամկետը երկարացնելու համար։ Բացի դա, Պապիկյանի խոսքով, առկա է հիմնավոր կասկած առ այն, որ դատավորն անաչառ չէ կոնկրետ Կունգուրցևի նկատմամբ և ունի կանխակալ վերաբերմունք։ Փաստաբանը նաև նշել է, որ դատավորը գործով 4-րդ անգամ քննության է ընդունում կալանքի վերաբերյալ քննիչի միջնորդությունները, որոնցից 3-ը բառացի գրեթե նույն բովանդակության են, ուշադրություն չի դարձնում այդ փաստին, իսկ նախորդ երեք միջնորդությունները բավարարել է:

Այնուամենայնիվ, ապրիլի 7-ին դատավորը մերժեց պաշտպանի ինքնաբացարկի մասին միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ դատավորը որևէ կանխակալ վերաբերմունք չունի մեղադրյալի անձի նկատմամբ:

Այնուհետև դատարանը քննել է քննիչի միջնորդությունը, լսել է պաշտպանի և մեղադրյալի առարկությունները և որոշել բավարարել միջնորդությունը։ Այսպիսով, Կունգուրցևի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս երկու ամիս ժամկետով:

15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Կունգորցևը չի ընդունում իր մեղքը, իրավապաշտպաններն ու փաստաբանը մատնանշում են նախաքննության ընթացքում գրանցված խախտումների մասին։ Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է իրականացրել: Մեղադրյալի մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը։