Home / Տեսանյութեր / Իրավապաշտպանների հայցը բավարարվեց․ ՊՆ-ն պարտավոր է բացահայտել մատակարարներին

Իրավապաշտպանների հայցը բավարարվեց․ ՊՆ-ն պարտավոր է բացահայտել մատակարարներին

Այսօր ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախարարության դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած հայցադիմումը:

Ինչպես հայտնում է կազմակերպության կայքը, դատարանը պարտավորեցրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել կազմակերպության կողմից պահանջված տեղեկատվությունը և հօգուտ կազմակերպության բռնագանձել 8.000 ՀՀ դրամ՝ որպես վճարված պետական տուրքի գումար:

«Այսպիսով, մեկամսյա ժամկետում որոշումը ՀՀ վարչական վերաքննիչ դատարան չբողոքարկվելու և օրինական ուժի մեջ մտնելու դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավոր է կազմակերպությանը տրամադրել սնունդ, հագուստ, վառելիք և գրենական պիտույքներ մատակարարող կազմակերպությունների անվանումները և նրանց կողմից մատակարարվող սննդի, հագուստի, վառելիքի և գրենական պիտույքների տեսակները», – նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Իրավապաշտպան կազմակերպությունը հայցադիմում էր ներկայացրել դատարան դեռևս 2010 թվականին, իսկ այնուհետև խնդրել էր կասեցնել գործի վարույթը՝ մինչև մեկ այլ գործով ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը: ՀՀ Սահմանադրական դատարանը 06.03.2012թ. N 1010 որոշմամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը` այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Լուսանկարը՝ mil.am