Home / Հայաստան / 4 խմբակցությունները գործատուներին կոչ են անում կուտակային վճարի պահում չկատարել

4 խմբակցությունները գործատուներին կոչ են անում կուտակային վճարի պահում չկատարել

2014թ. ապրիլի 2-ին հրապարակած կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ որոշումով Սահմանադրական դատարանն ընդունել է չորս խորհրդարանական խմբակցությունների պատագամավորների փաստարկների հիմնավորվածությունը և հակասահմանադրական ճանաչել օրենքի առանցքային դրույթները։ Մյուս կողմից, սակայն, Սահմանադրական դատարանի որոշման թերի և երկիմաստ ձևակերպումները իշխանությանը հնարավորություն են տալիս կամայականորեն շարունակել պարտադիր վճարների կիրառումը: Այս մասին ասված է 4 ոչ կոալիցիոն խմբակցությունների՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն, տարածած հայտարարության մեջ։

«Ակնհայտ է նաև, որ իշխանությունները չեն հրաժարվել պարտադիր վճարների հիման վրա կուտակային ֆոնդերի ստեղծման ծրագրից և միայն ժամանակ են շահել ապագայում նույն ծրագիրը ձևափոխված և իբր Սահմանադրությանը համապատասխանեցված տարբերակով իրագործելու համար:

Ելնելով վերոհիշյալից` pահանջում ենք իշխանություններից.

1. դադարեցնել Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ոչ իրավաչափ մեկնաբանությունները և դրանց հիման վրա դրսևորվող վարքագիծը,

2. ենթաօրենսդրական ակտերում արագընթաց կարգով իրականացնել փոփոխություններ՝ 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատակիցների հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակումը բացառելու, ինչպես նաև 2014թ. հունվարի 1-ից հետո աշխատակիցների կամքից անկախ պահված կուտակային վճարները աշխատակիցներին հետ վերադարձնելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար,

3. խնդրի լուծումն հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու համար, հանդես գալ պարզաբանող հայտարարություններով, միաժամանակ գործատուներին հնարավորություն տալով համապատասխան փոփոխություններ կատարել ներկայացված հաշվետվություններում, 

կոչ ենք անում.

1. գործատուներին՝ առանց աշխատողների համաձայնության նրանց աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի պահում և փոխանցում չկատարել,

2. 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող բոլոր անձանց՝ եթե համաձայն չեք մի՛ կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև,

3. գործատուների միություններին և արհմիություններին՝ պաշտպանե՛ք Ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ, թույլ մի՛ տվեք որևէ մարմնի կողմից Ձեր անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում,

4. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին և պայքարող երիտասարդությանը՝ համախմբված, լայն թափով ներգրավվեք Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշմամբ պահանջված օրենսդրական վերանայումների աշխատանքներին:

Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգի դեմ պայքարող բոլոր քաղաքացիներին և քաղաքացիական նախաձեռնություններին», – նշում են հայտարարության հեղինակները: