Home / Հայաստան / Նույն մարդը տարբեր դերերում հայտնվել է Ուկրաինայի մասին պատմող ռուսաստանյան ալիքների սյուժեներում

Նույն մարդը տարբեր դերերում հայտնվել է Ուկրաինայի մասին պատմող ռուսաստանյան ալիքների սյուժեներում

Ռուսաստանյան երկու հեռուստաալիքներով ցուցադրել են տեսանյութեր իբր Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնցում նկարահանվել է միևնույն մարդը։ Տեսանյութերից մեկում նա ներկայացվել է որպես Մայդանի՝ անկարգություններ կազմակերպող վարձկան, իսկ երկրորդում՝ «Աջ հատվածի» հարձակման հետևանքով տուժած ֆեդերալիզացիայի կողմնակից։

Առաջին տեսանյութը ցուցադրվել է «ՆՏՎ» ալիքով՝ «Արտակարգ պատահար» հաղորդման ժամանակ։ Հաղորդավարի խոսքով՝ հեռուստաալիքի լրագրողներին հաջողվել է շփվել Գերմանիայի քաղաքացու հետ, ով վնասվածք է ստացել Նիկոլաևի շրջանային վարչության շենքի մոտ բախումների ժամանակ։

Անդրեյ Պետկով անունով տղամարդը պատմել է, որ ինքը «Մայդանի վարձկան էր», որ ուժային ակցիաների էր նախապատրաստում Արևմտյան Եվրոպայից ժամանած 50 մարտիկների։ Նրանք հանդես էին գալիս «Աջ հատվածի» կողմից ու պետք է վնասեին խաղաղ ցուցարարներին։ Ինքը՝ Պետկովը, միջնորդների շղթայի միայն մի օղակն էր, ու իր հետ 500 հազար եվրո էր բերել։

Երկրորդ տեսանյութը հայտնվել է «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում։ Տեսանյութում ցուցադրվել է ֆեդերալիզացիայի կողմնակից, ում անունը նույնպես Անդրեյ Պետկով է։ Նա, իբր, եկել է Նիկոլաևի կենտրոնական հրապարակ՝ իշխանության գործողությունների վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտելու, սակայն տուժել է ծայրահեղականների ձեռքից։ Պետկովի մոտ ախտորոշվել է դեմքի այրվածք, ուղեղի ցնցում և ոտքի կոտրվածք։

Երկու դեպքերում էլ հեռուստադիտողին ներկայացվել է միևնույն մարդը։ Անգամ քթի վիրակապի ու դնչի վրայի «զելյոնկայի» հետքերն են նույնը։