Home / Հայաստան / Ուկրաինան պատրաստվում է հակահարված տալ ահաբեկիչներին երկրի արևելքում

Ուկրաինան պատրաստվում է հակահարված տալ ահաբեկիչներին երկրի արևելքում

Երկուշաբթի, առավոտյան ժամը 9-ին սպառվել է այն ժամանակը, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը տրամադրել էր երկրի հարավ-արևելքի ցուցարարներին՝գրավված վարչական շենքերը ազատելու համար։ Արևելյան շրջանների տարածքում ծրագրվում է լայնածավալ հակաահաբեկչական գործողություն անցկացնել, հայտնում է «Կորեսպոնդենտը»։

Հիշեցնենք, որ իրենց «ժողովրդական դիմակայություն» անվանող մարդիկ գրավել են Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող մի շարք քաղաքների՝ Սլավյանսկի, Դոնեցկի, Խարկովի վարչական շենքեր։

Արևելյան շրջաններում իշխանությունը չի վերահսկում ոստիկանության բաժանմունքների գործողությունները։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը։ Նրա խոսքով՝ Դնեպրոպետրովսկում տեղի բնակիչները քաղաքային իշխանությունների հետ միասին ինքնապաշտպանական գունդ են ստեղծել՝ «քաղաքը ծայրահեղական խմբերից պաշտպանելու համար», գրել է նա։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Անդրեյ Պարուբին հայտնել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները բերման են ենթարկել ՌԴ ԱԴԾ և ՌԴ զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության սպաների։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԱՊԽ-ի նիստի ժամանակ Ուկրաինայում Զինված ուժերի մասնակցությամբ հակաահաբեկչական գործողություն անցկացնելու մասին որոշում էր ընդունվել, քանի որ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում այդ տարածքում կդադարեցվի նախընտրական քարոզարշավը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար տեղակալ Վիկտորիա Սյումարը։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, իր հերթին, հայտարարել է, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները «ծրագրվել են Ռուսաստանում»։

ԱՄՆ-ի Պետդեպը տարածել է հայտարարություն, որում Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ իրական փաստերը խեղաթյուրելու մեջ։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, ի պատասխան այդ հայտարարությունների, Արևմուտքին կոչ է արել դադարեցնել «Մոսկվայի ձեռքը» փնտրել Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձություններում ու սուտ լուրեր չտարածել Ուկրաինայի սահմաններին ռուսաստանյան ռազմաբազաների կենտրոնացման մասին։