Home / Հայաստան / Ադրբեջանցի զինվորներին ուզում են փրկել «գառլախվելուց»․ Հայաստանում այդ փորձն անհաջող անցավ

Ադրբեջանցի զինվորներին ուզում են փրկել «գառլախվելուց»․ Հայաստանում այդ փորձն անհաջող անցավ

Ադրբեջանի «Խոշտանգումների դեմ կոմիտե»-ի նախագահ Էլչին Բեհբուդովը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Հանդիպմանը քննարկվել են բանակում զինվորների մահվան, ինչպես նաև՝ գեներալներին զբաղեցրած պաշտոններից ազատելու վերաբերյալ հարցեր։

«Անցած տարի անցկացվել են ակցիաներ՝ զինվորների բռնի մահվան կապակցությամբ։ Ես հանդիպել եմ Զաքիր Հասանովին։ Մենք քննարկումներ են անցկացրել ավելի քան մեկ ժամ, զրուցել ենք մարդու իրավունքների, առաջիկա տարիների համար նախատեսված աշխատանքի մասին»,- Բեհբուդովի խոսքերն է փոխանցում Modern.az կայքը։

Կոմիտեի նախագահը նշել է, որ զինվորների իրավունքներն ամենից հաճախ խախտվել են զուգարաններն ու ճաշարանները մաքրելիս, և որ Զաքիր Հասանովի նշանակումից հետո այդ խնդիրներին վերջ է դրվել․ «Զինվորներին ստիպում էին ճաշարաններ, հանրային զուգարաններ մաքրել։ Բայց հիմա այդ գործերով զբաղվում են հավաքարարները։ Զաքիր Հասանովն ինձ ասել է, որ սպաների կողմից զինվորների վերաբերյալ օրենքների խախտման դեպքում, նրանք լրջորեն կպատժվեն։ Այս տարի Պաշտպանության նախարարության զորամասերում զինվորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքեր դեռևս չեն գրանցվել»։

Հիշեցնենք, որ տասը տարի առաջ այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ստորագրեց հրամանագիր, որի համաձայն զինվորները ազատվում էին զուգարանները մաքրելու պարտականությունից։ Հրամանագրի համաձայն՝ մաքրությամբ պետք է զբաղվեն քաղաքացիական անձինք՝ ՊՆ-ի կողմից տրամադրված աշխատավարձի դիմաց։ Հայկական բանակի մի շարք զորամասերում, սակայն, սպաներն ու զինվորները ծառայակիցներին որպես պատիժ ստիպում են զուգարաններ մաքրել։ Որոշ զորամասերում քաղաքացիական հավաքարարների աշխատավարձերի համար գումարները գանձում են զինծառայողներից՝ գրպանելով թե՛ քաղաքացիական անձանց աշխատավարձերը, թե՛ զինծառայողների փողերը։

Զուգարան մաքրելը ամենասարսափելի պատիժն է զինվորների համար, որոնք ծառայության ընթացքում հայտնվում են բանտային մթնոլորտում ու առնչվում համապատասխան հասկացությունների հետ։ «Զուգարան կոխելուց հետո» զինվորը ստանում է «գառլախվածի» կարգավիճակ․ նրա ճակատագիրը կիսելուց խուսափելու համար՝ մյուս զինվորները նրա հետ չեն շփվում, նրա հետ հաց չեն կիսում, ձեռքը չեն սեղմում և այլն։