Home / Հայաստան / Քառյակն ունի միասնական դիրքորոշման հեռանկար․ Ռուստամյան

Քառյակն ունի միասնական դիրքորոշման հեռանկար․ Ռուստամյան

Ի հեճուկս չար գուշակողների՝ քառյակը գործում է և շարունակում է արդյունավետ գործել: ԱԺ-ում կայացած ոչ իշխանական չորս ուժերի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Պատգամավորը նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ-ի որոշումից հետո ստեղծված իրավիճակը, և որոշվել է, որ պետք է արտահերթ նիստ հրավիրվի, որտեղ կներկայացվի կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ։

«Հանդես ենք գալու նախաձեռնությամբ օրենքում փոփոխություն կատարել՝ ելնելով ՍԴ-ի որոշումից, որպեսզի հստակ դառնա այն, ինչ անորոշ էր մնացել ՍԴ-ի որոշման արդյունքում։ Կոնկրետ հոդվածներ ենք փոխում, ու սրանով երկիմաստությունը կվերանա», – ասել է Ռուստամյանը։

Նա նաև նշել է, որ այսօրվա հանդիպմանը քննարկվել է նաև նոր կառավարության ձևավորման գործընթացը։

«Բոլոր հնարավոր զարգացումների մասին խոսել ենք՝ նպատակ ունենալով փոփոխությունների արդյունքում ունենալ հնարավորինս միասնական դիրքորոշում։ Այս պահին գնահատականները տարբեր են, բայց լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հեռանկար քառյակն ունի», – ասել է պատգամավորը։

Հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն մաս կկազմի իշխանական կոալիցիային, Ռուստամյանը պատասխանել է, որ վերջնական որոշումը կկայանցնի Դաշնակցության Գերագույն ժողովը՝ ապրիլի 18-ին: