Home / Հայաստան / Անապահով ընտանիքներին գազի համար տրվող մասնակի փոխհատուցման նախագիծը հաստատվել է

Անապահով ընտանիքներին գազի համար տրվող մասնակի փոխհատուցման նախագիծը հաստատվել է

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը վճարման ենթակա Հայաստանում անապահով ընտանիքների մատակարարված բնական գազի համար տրվող մասնակի փոխհատուցման մասին նախագիծը։

Որոշման 1-ին կետով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին (փետրվարի 24-ից վերաանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) առաջարկվել է 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում` բնական գազ սպառող ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից 75 խմ բնական գազի քանակության համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից նվազեցված գնով` 1000 խմ համար 100 հազար դրամի չափով: Հաստատված սակագինը 132 հազար է՝ 1000 խմ համար։

Որոշման 2-րդ կետի համաձայն՝ 1000 խմ համար` 32 հազ. դրամ կազմող գների տարբերության գումարը (յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով՝ 75 խմ գազի համար) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին պետք է փոխհատուցվի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին: