Home / Հայաստան / Հատուկ դպրոցները խնդիրներ չունեցող երեխաների հաշվին աշակերտների քանակ են ապահովում

Հատուկ դպրոցները խնդիրներ չունեցող երեխաների հաշվին աշակերտների քանակ են ապահովում

ՀՀ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել էր մի շարք հատուկ դպրոցներում իրականացնել աշակերտների փաստաթղթերի ուսումնասիրություն: Նախարարի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերված խախտումներն արդեն իսկ ստացել են դրական լուծում:

Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցում սովորող երեխաներից մեկը, ով չուներ ֆիզիկական կամ մտավոր որևէ խնդիր, արդեն ազատվել է դպրոցից և պետք է հաճախի հանրակրթական դպրոց, իսկ մյուս չորսին կտրամադրվեն հատուկ դպրոցում սովորելու համար օրենքով անհրաժեշտ վկայագրերը: Այս մասին ասված է ՄԻ պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչները մարզերում գտնվող հատուկ դպրոցներ այցելությունների ժամանակ հայտնաբերել էին, որ այդ դպրոցներում մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կողքին հաճախ սովորում են նաև զարգացման աննշան խնդիրներով, իսկ որոշ դեպքերում` առհասարակ որևէ խնդիր չունեցող երեխաներ: Նրանցից ոմանք նախկինում սովորել են հանրակրթական դպրոցներում, սակայն հետագայում, առանց համապատասխան հիմքերի, տեղափոխվել հատուկ դպրոց: Օմբուդսմենի միջնորդությամբ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել էր մի շարք հատուկ դպրոցներում իրականացնել աշակերտների փաստաթղթերի ուսումնասիրություն:

«Նման դեպքերի ուսումնասիրությունից օրինաչափություն է նկատվում, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն այս առումով ավելի խոցելի են: Երեխային հատուկ դպրոց տալով, ծնողները, փաստորեն, լուծում են ոչ միայն կրթության, այլև երեխայի խնամքի, սննդի և գիշերակացի խնդիրները, իսկ դպրոցի տնօրինությունն այսպիսով ապահովում է աշակերտների՝ իրեն անհրաժեշտ քանակը», – ասված է հաղորդագրության մեջ: