Home / Տեսանյութեր / Ասեղ կուլ տված դատապարտյալի մոտ ներքին արնահոսություն է սկսվել, բայց ոչ ոք չի միջամտում (թարմացված)

Ասեղ կուլ տված դատապարտյալի մոտ ներքին արնահոսություն է սկսվել, բայց ոչ ոք չի միջամտում (թարմացված)

16.55 Քիչ առաջ Հրաչ Գևորգյանի հետ են կապվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ու հայտնել, որ իրեն շուտով Շտապ օգնության մեքենայով հիվանդանոց կտեղափոխեն։ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը, սակայն, չի հայտնել, թե կոնկրետ ով և երբ է իրենով զբաղվելու։  

16.33 Բանտում ասեղ կուլ տված դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մոտ ներքին արնահոսություն է սկսվել, սակայն նրան բժշկական օգնություն չեն ցուցաբերում։ Այս մասին Epress.am-ին ասել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը։

«Ասեղը կուլ տալու պահից մինչև հիմա Գևորգյանի մոտ ներքին արնահոսություն է սկսվել, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձնում, ոչ մի միջամտություն չկա, ներկայիս պետ Բուլղադարյանին գրված բոլոր դիմումները մնում են անարձագանք։ Երեկ ուլտրաձայնային հետազոտության են տարել ու հաստատվել է, որ մեխերը կային՝ երկու ասեղ էլ կուլ է տվել», – ասել է Վեզիրյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ երեկ էլ Գևորգյանին փորձել են այդ վիճակով մեքենա նստեցնել ու տանել դատավարության, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների միջամտությամբ իջեցվել են մեքենայից ու վերրադարձվել խուց։

««Արմնյուզն» էլ վազող տողով գրել էր՝ իբր մեքենայի մեջ մետաղալար է կուլ տվել, բայց նման բան չկա, ասեղը կուլ է տվել խցում՝ բանտի ներկայացուցիչների ներկայությամբ, այլ ոչ թե մեքենայում», – եզրափակել է Վեզիրյանը։

Գևորգյանը երկար ժամանակ պահանջում է վիրահատել իրեն ու հեռացնել որովայնում առկա մեխը, սակայն ՔԿՀ-ի ղեկավարությունը նրա պահանջներին չի արձագանքում։ Մեխը նա կուլ էր տվել՝ ի նշան բողոքի քննչական մարմնի գործողությունների դեմ։

Վիրահատման պահանջի հերթական դիմումը ՔԿՀ-ի ղեկավարությանը ներկայացնելիս վերջինս շեշտել էր, թե մերժում ստանալու դեպքում ասեղ է կուլ տալու։

Epress.am-ն ավելի վաղ մի քանի անգամ անդրադարձ է կատարել Հրաչյա Գևորգյանի դատավարությանը։

Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Գևորգյանը և Գարիկ Հարությունյանը պատանդ են վերցրել Նաիրա Հարությունյանին, ով քաղաքացիական ամուսնության մեջ էր գտնվում Գևորգյանի հետ, նրա անչափահաս որդուն, ապա պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից` Ս.Հարությունյանից, գումար են պահանջել, որը ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին:

Դատավարության ընթացքում վկաներից մեկը՝ Մերի Իսրայելյանը, պատմել է, թե ինչպես է Նաիրա Հարությունյանի հայրն իրեն խնդրել Հրաչյա Գևորգյանի դեմ ցուցմունք տալ։

Հիշեցնենք, որ Գևորգյանի գործի ձգձգումից դժգոհ նրա մայրը բողոքի ակցիա էր անցկացրել՝ փորձելով ինքնահրկիզվել նախագահական նստավայրի մոտ: