Home / Տեսանյութեր / Կնոջը ծեծելու մեջ մեղադրվողի քույրը «անգիր արած», բայց հակասական ցուցմունք է տվել․ պաշտպան

Կնոջը ծեծելու մեջ մեղադրվողի քույրը «անգիր արած», բայց հակասական ցուցմունք է տվել․ պաշտպան

Կնոջը 9 տարի շարունակ ծեծելու, հոգեբանական և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ մեղադրվող 33-ամյա Սարգիս Հակոբյանի քույրն այսօր դատարանում հակասական ցուցմունք է տվել։ Այս մասին Epress.am-ին հայտնել է ամբաստանյալի կնոջ՝ Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը։ Նրա խոսքով՝ Սարգիս Հակոբյանի քույրը՝ Վիկտորիա Հակոբյանը, նախ հայտարարել է, որ Հասմիկը միշտ լավ վարքագիծ է դրսևորել, այնուհետև հակառակն է պնդել։

Փաստաբանի խոսքով՝ վկան, ըստ էության, ամբողջությամբ կրկնել է մյուս քրոջ՝ նախորդ նիստին տվախ ցուցմունքը, սակայն մեկ էական տարբերությամբ։ Նա պնդել է, որ եղբայրը ընդամենը մեկ անգամ է հարվածել կնոջը, և պատճառն այն էր, որ ցանկացել է Հասմիկի հեռախոսը նայել, իսկ Հասմիկը հեռախոսից ինչ-որ համար ջնջել է։ Մինչդեռ նախորդ նիստին մյուս քույրը պնդել էր, որ կնոջը հարվածելու պատճառն այն էր, որ նա ծեծել էր իրենց երեխային։ Վիկտորիա Հակոբյանը նաև խոստովանել է, որ Սարգիսը վեճերի ժամանակ միշտ ագրեսիվ վարքագիծ էր դրսևորում։ Ցուցմունքի մնացած մասը, պաշտպանի խոսքով, «անգիր արած» հայտարարություններ էին։

Այսօրվա նիստին վկայություն է տվել նաև Հակոբյանների բարեկամներից մեկը՝ Հայկազ Ղազարյանը, ում դատարան էին հրավիրել Հասմիկ Խաչատրյանի ցուցմունքի հիման վրա։ Հասմիկն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղազարյանն իրեն տեսել է ծեծված վիճակում, տարեց տղամարդը, սակայն, այսօր դատարանում պնդել է, որ վատ հիշողություն ունի և նման բան չի հիշում։

Պաշտպանի խոսքով՝ գործի համար որևէ էական նշանակություն չունեցող վկայություն է տվել նաև բախտագուշակ Վարսիկի հաճախորդներից մեկը, ով հաճախ էր իրենց տանը լինում (ամբաստանյալի մայրը Գավառում հայտնի բախտագուշակ Վարսիկն է)։ Կինը, սակայն, ասել է, որ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ ընտանիքի հետ անձնական կապեր չունի։ Նա ընդունել է, որ Հասմիկին ճանաչում է որպես պարկեշտ վարքագծի տեր մարդ, սակայն կրկնել է պաշտպանական կողմի բոլոր վկաների պնդումը, թե, իբր, Հասմիկը ծեծում էր երեխաներին։

Սարգիս Հակոբյանի ընկերը՝ Արման Պողոսյանն էլ, պաշտպանի խսքով, փորձել է ամեն կերպ պաշտպանել ամբաստանյալին՝ պնդելով, թե ամուսինների մեջ խնդիր չի եղել։ Մևինույն ժամանակ նա հայտարարել է, որ ծեծի օրը՝ գիշերվա ժամը 12-ին, Սարգիսը զանգել է իրեն, և ինքը եկել էր՝ հաշտեցնելու ամուսիններին։ Սակայն որևէ լուրջ խնդիր չի եղել։ Հարցին, թե ինչու է ինքը գիշերը Երևանից Գավառ հասել, եթե լուրջ խնդիր չի եղել, վկան ըստ էության չի պատասխանել։

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը Epress.am-ին պատմել է, որ դատական նիստից հետո ինչ-որ տղամարդ, ով ներկայացել է որպես «սոցիալական շարժման» ղեկավար, սկսել է հայհոյել իրենց ու գավառցիներին հորդորել է թույլ չտալ «գենդերներին» մասնակցել դատական նիստերին։ Նշենք, որ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները աջակցում են Հասմիկ Խաչատրյանին։

Լուսանկարում՝ Հասմիկ Խաչատրյանը դատական նիստերից մեկի ժամանակ