Home / Հայաստան / Ամուսնու կողմից դանակահարված կինը մահանալուց առաջ ասել է, որ կանխազգում էր նման ավարտը

Ամուսնու կողմից դանակահարված կինը մահանալուց առաջ ասել է, որ կանխազգում էր նման ավարտը

Ամուսնու կողմից դանակի բազմաթիվ հարվածներ ստացած Լուսինե Դավթյանը հիվանդանոցի ճանապարհին խոստովանել էր, որ միշտ վախեցել է, որ իր ու ամուսնու վեճերը մի օր նման ողբերգական ավարտ կունենան։

Այսօր Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստին սպանված կնոջ դուստրը՝ 16-ամյա Սյուզի Առաքելյանը, պատմել է, որ անթափանցիկ ապակու միջով տեսել է, թե ինչպես է հայրը հարվածում մորը։ Թեև նախորդ նիստերից մեկում ամբաստանյալը՝ Արսեն Առաքելյանը, պնդել էր, որ կնոջը դանակահարել է «հուզական վիճակում» և այդ քայլին չէր գնա, եթե կինը չհրահրեր, դուստրն այսօր դատարանում հաստատել է, որ դանակը, որով սպանվել է մայրը, երկար ժամանակ հոր ծոցագրպանում է եղել։ Այս մասին Epress.am-ին պատմել է գործին հետևող «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ արձագանքման խմբի համակարգող Լիդա Մինասյանը՝ նշելով, որ Սյուզի Առաքելյանի այսօրվա վկայությունը ծանրացնում է ամբաստանյալի վիճակը, քանի որ աղջիկը, ըստ էության, պնդել է, որ մայրը կանխազգում էր նման ավարտը։

«Ես միշտ սրանից էի վախենում», – հիվանդանոցի ճանապարհին հասցրել է ասել մայրը։

Ամբաստանյալի քեռին՝ Կարապետ Սարգսյանը, Լիդա Մինասյանի խոսքով, փորձել է ներկայացնել, թե Լուսինեն է վեճը հրահրել։ Նա պատմել է, որ վեճի պահին դռան միջով տեսել է, թե ինչպես է Արսենը հարվածում կնոջը, և այդ պահին սենյակ է ներխուժել ու, Արսենին հետևից բռնելով, անկողնու վրա է պառկացրել։ Վկան ասել է, որ Լուսինեի կրծքավանդակն արյունոտ էր, մինչդեռ նախաքննական ցուցմունքում նա հայտարարել է, որ Արսենի մոտ դանակ չի նկատել։

Հիշեցնենք, որ կնոջ սպանության մեջ մեղադրվող Արսեն Առաքելյանը դատարանում ընդունել էր իր մեղքը, սակայն պնդել է, որ կնոջը դանակահարել է «հոգեկան ոչ կայուն վիճակում»։

Հարազատների պնդմամբ՝ Լուսինեն պատրաստվում էր ամուսնալուծվել, նույնիսկ արդեն հեռացել էր տնից, սակայն դեպքից անմիջապես առաջ ամուսնու եղբոր խնդրանքով վերադարձել էր Արսենի տուն՝ զրուցելու:

Լուսինեի հայրը՝ Ռուբեն Դավթյանը, ավելի վաղ պատմել էր, որ տարիների ընթացքում մի 3 անգամ է փեսան աղջկան ծեծել, մինչդեռ Լուսինեի մտերմուհին և հարևանուհին այլ բան են պատմել.

«Լուսինեն պարզապես ծնողներին շատ բան չէր ասում, բայց ինձ հետ կիսվում էր, համարյա ամեն օր Արսենը մի սթից բանի պատճառով խոսում էր Լուսինեի վրա: Ասենք՝ մոռանար աղը սեղանին դնել, կամ դանակ-պատառաքաղը ուշացներ՝ կռիվ էր սարքում: Պատահել է, ձմռան ցրտին գրկի էրեխու հետ տանից դուրս է հանել, իբր՝ պատժում է, Լուսինեին մի ոտի վրա ժամերով անկյուն է կանգնացրել: Ո՞րն ասեմ»: