Home / Հայաստան / Սերժ Սարգսյանին պատմել են Թեղուտի հանքավայրի կարևորության մասին

Սերժ Սարգսյանին պատմել են Թեղուտի հանքավայրի կարևորության մասին

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերությունը անտառապատման ծրագիր է մշակել, որով նախատեսվում է անտառապատման իրականացում հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի կրկնակի գումարային մակերեսով՝ 714 հա տարածքներում: Այս մասին հայտարարվել է Սերժ Սարգսյանի՝ Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ։

Ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել այդ տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար՝ մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այդ տարածքները տեղափոխել անտառի կատեգորիա:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, ծրագրի շնորհանդեսի ժամանակ նշվել է, որ անցած ժամանակահատվածում անտառահատում իրականացվել է շուրջ 149 հա գումարային մակերեսով տարածքներում: Զուգահեռաբար ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն, Արջուտ համայնքների վարչական սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում գտնվող շուրջ 378.5 հա գումարային մակերեսով տարածքներում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանին ներկայացվել է ընկերության սոցիալական քաղաքականությունը: Ընդգծվել է, որ «Թեղուտ» ընկերության սեփականատեր «Վալլեքս» խմբի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մանես» բարեգործական հիմնադրամը, որը համակարգում է ընկերության սոցիալական քաղաքականությունը: Լոռու մարզում ընկերության սոցիալական ծրագրերի գերակշիռ մասն իրականացվում է այդ հիմնադրամի միջոցով: Ընդհանուր առմամբ, 2008-2013թթ. ընկերությունը և «Մանես» բարեգործական հիմնադրամը Թեղուտ և Շնող համայնքներին՝ համայնքների զարգացման նպատակով, հատկացրել են շուրջ 116.7 մլն դրամ ֆինանսական ծավալով օժանդակություն: Հիմնադրման օրվանից հիմնադրամն իրականացրել է ավելի քան մեկ միլիարդ ՀՀ դրամ ֆինանսական ծավալով սոցիալական ծրագրեր:

Պատասխանատուների հավաստմամբ, Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը մեծ նշանակություն ունի նաև համայնքների տնտեսական կյանքում: Մասնավորապես նշվել է, որ հանդիսանալով համայնքներում գտնվող միակ արդյունաբերական ձեռնարկությունն ու խոշորագույն գործատուն, ընկերությունն ունի մոտ 1.200 աշխատող, այդ թվում՝ մոտ 150 աշխատող՝ Թեղուտից, 230 աշխատող՝ Շնողից, 430 աշխատող՝ Ալավերդուց: 2014թ. մարտի դրությամբ ընկերության աշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը կազմել է 295 հազար դրամ:

Նշենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ վերջին տարիներին պայքարել են Հայաստանի տարբեր բնապահպանական կազմակերպություններ։ Նրանք նշում են, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն անվերականգնելի վնաս է հասցնում տեղի բնությանը, իսկ տարբեր նախարարությունների կողմից տրված շահագործման թույլտվությունների գործընթացն իրականացվել է խախտումներով։ Մասնավորապես, սխալ է գնահատվել շրջակա միջավայրի վրա հանքի ազդեցությունը, ճիշտ չեն ներկայացվել անտառահատումների ծավալներն ու ստացվող հանքաքարի ծավալների մասին տվյալները։