Home / Հայաստան / «ՀՀ նախկին լրտեսի» կայքը լրագրողին շտապեց մեղադրել «պետական դավաճանության մեջ»

«ՀՀ նախկին լրտեսի» կայքը լրագրողին շտապեց մեղադրել «պետական դավաճանության մեջ»

Ադրբեջանական «Հայելի» ռուսալեզու թերթի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է «Հայաստանի օգտին լրտեսության» մեջ ու պահվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում։ Նա ձերբակալվել է ապրիլի 19-ին, ժամը 17։00-ին՝ Թուրքիայից Ադրբեջան ժամանելուն պես։ Մինչև երկուշաբթի նա զրկված է իր փաստաբանի՝ Ֆուադ Ագաևի հետ հանդիպելու հնարավորությունից։

Contact.az կայքում հեղինակ Jemin-ը գրում է լրագրողի ձերբակալության վերաբերյալ ԶԼՄ-ների արձագանքի մասին։ Մասնավորապես, խոսքը գնում է Haqqin.az կայքի մասին, որը ղեկավարում է նախկին խղճի գերի, «Ղարաբաղյան օրագիր» հոդվածաշարի հեղինակ, «հայերին ծախվելու» մասին մեղադրանքների զոհ Էյնուլա Ֆաթուլաևը։

Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար․

– Դատախազությունն ու Ազգային անվտանգության նախարարությունը դեռ չէին հասցրել պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ, երբ նրանց ենթակա կայքերը սկսեցին Ռաուֆ Միրկադիրովի դեմ մեղադրանքների մանրամասները պատմել։

Հետաքննությունը դեռ չէր հասցրել բացատրել՝ ինչ է տեղի ունեցել, երբ այդ կայքերի աշխատակիցները շտապեցին «հանրության կարծիքները» հավաքել՝ հղելով, թվում է, հռետորական հարց՝ ինչպե՞ս կարող է ադրբեջանցի լրագրողն ընկերություն անել Դավիթ Շահնազարյանի հետ (Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար)։

Միևնույն ժամանակ, այդ հարցը տվողը բոլորովին չի ամաչում այն փաստից, որ «հետաքննության» նյութեր է բացահայտում, որոնց մասին Ռաուֆ Միրկադիրովի փաստաբանին հավանաբար կարգելեն խոսել՝ հետաքննության գաղտնիության պատճառով։

Հատկանշական է, որ այդ կայքերից մեկի ղեկավարն ինքն էլ ժամանակին մեղադրվել է ազգային շահերի դավաճանության ու Ղարաբաղ կատարած այցի ժամանակ հայերի հետ համագործակցության մեջ։ Այդ մեղադրանքներից ազատվելու ակտիվ փորձերն ու միջազգային աջակցությունը դատարանում նրան չօգնեցին։ Մի քանի տարի բանտում անցկացնելուց հետո՝ այսօր նա խոսում է Միրկադիրովի դավաճանության մասին։ Իսկապես, Աստծո ճանապարհներն անքննելի են․․․

(Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը Սերժ Սարգսյանի ռեժիմի ամենաբուռն քննադատներից է ու Ադրբեջանի հետ մտերմացման և Ղարաբաղի հարցի արդարացի կարգավորման կողմնակից – Contact.az)։

Կասկած չկա՝ ինչպես է ձևավորվելու մեղադրանքը․ պարբերաբար այցելում էր Հայաստան ու հանդիպում հայաստանցի գործիչներին, նրանց հետ զրույցներ էր ունենում, որոնց ժամանակ բացահայտում էր տվյալներ, որոնք իրենցից պետական գաղտնիք էին ներկայացնում։ Մնում է միայն պարզել՝ ի՞նչ գաղտնիք, իսկ դա էլ հենց չի արվի։ Կարևոր է վերցնել իրական փաստեր ու դրանք համալրել պատրաստի բացասական գնահատականներով․ պետք է դավադրության մթնոլորտ ստեղծել․ իսկ որևէ բան ապացուցելու կարիք չկա։ Համակարգը հենց այսպես է աշխատում, ու նույնն է տեղի ունեցել թե Իսմայիլիի դեպքերի, թե NIDA-ի ակտիվիստների վերաբերյալ գործընթացների ժամանակ։

Բայց այս ամբողջ պատմությունում մեկ այլ հարց կա՝ ո՞ւմ է սա պետք։ Իշխանություններն ինչի՞ են ուզում հասնել։

Այս տողերի հեղինակին ոմանք կարող են ոչ օբյեկտիվության մեջ մեղադրել․ իսկ դու ի՞նչ գիտես, որ Միրկադիրովը լրտես չէ։ Միգուցե նրան իսկապես գնե՞լ են․․․

Դրան կարող եմ պատասխանել, որ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է։ Բայց յուրաքանչյուր իրավիճակում օբյեկտիվ փաստեր պետք է լինեն։ Առաջին հերթին, Միրկադիրովը հայտնի լրագրող է , Իլհամ Ալիևի կողմից արժանացել է «Ադրբեջանի վաստակավոր լրագրողի» կոչմանը։

Գերդ Բուցերիուսի անվան հեղինակավոր միջազգային մրցանակի դափնեկիր է։

Երկար տարիներ հայտնի է միջազգային թեմաների մասին իր վերլուծական հրապարակումներով, ու չեմ հիշում, որ Ղարաբաղի թեմայով նրա հոդվածները տարբերվեին իրենց հայաստանամետ դիրքորոշմամբ։ Ընդհակառակը, նա այն հեղինակներից է, ով մշտապես գրում էր հայերի անհետևողականության ու Կրեմլի կամքից նրանց կախվածության մասին։

Բացի դա, լրտեսությունը հակառակորդին ազգային նշանակության տեղեկատվության փոխանցում է ենթադրում։ Ավելի քան երեք տարի Անկարայում գտնվելով՝ Միրկադիրովը չէր կարող նման տեղեկություններ ունենալ։

Հավանականությունը մեծ է, որ մեղադրանքները կկառուցվեն ինչ-որ անձնական նամակագրության կամ համաժողովների ու հանդիպումների ժամանակ արած հայտարարությունների վրա։

Ավելորդ է ասել, թե այս ամենն ինչ վնաս է հասցնում երկրի միջազգային հեղինակությանը, չնայած թվում է՝ այդ հեղինակությունը վաղուց արդեն ոչ ոքի չի մտահոգում։