Home / Տեսանյութեր / Եվրոպացիներին հարկավոր էր հայերի կոտորածը. Ցեղասպանության դասերը

Եվրոպացիներին հարկավոր էր հայերի կոտորածը. Ցեղասպանության դասերը

Ականավոր հայ պատմաբան, մտավորական Լեոն (Առաքել Բաբախանյան) իր «Անցյալից» գրքում Հայոց ցեղասպանության հարցը քննում է տարբեր տեսանկյուններից՝ խոսելով ինչպես Թուրքիայի մեղքի, այնպես էլ հայկական կուսակցությունների քաղաքական տկարության ու բացթողումների, ինչպես նաև եվրոպական երկրների և Ռուսական կայսրության դերի մասին։ Լեոյի կողմից բերվող փաստաթղթերը և տրված գնահատականները բացահայտում են այն հրեշավոր դերը, որը խաղացել է ցարական Ռուսաստանը Հայոց ցեղասպանության հարցում։

«Անցյալից» գիրքը հրատարակվել է 2009 թվականին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի կողմից: Հայրապետյանը հրատակարությունը նվիրել է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին։

*************

Բնության մեջ հանդիպում են սքանչելի զուգադիպություններ, որոնք մարդկության համար ստանում են մի ինչ-որ վերին անճառելի արդարադատության նշանակություն։ Մինչ ցարական բանակը Թուրքահայաստանում մեծարում էր հայերին կոտորող քրդերին և անտարբերությամբ էր նայում հայ ժողովրդի անասելի տանջանքներին, նույն այդ 1915-ի ամռանը նույն ցարականությունը խոշոր պարտություններ կրեց գերմանացիներից և կորցրեց ամբողջ Լեհաստանը և նրանից հյուսիս գտնվող երկրները։ Պարտված երկրում բարձրացավ անբավականություն, և Նիկոլայ Բ-ն իր գլխին կախված տեսավ հեղափոխությունը։ Ուստի վերջին հուսահատական քայլն արեց. իր ձեռքն առավ բոլոր զորքերի բարձրագույն հրամանատարությունը, իսկ Նիկոլայ Նիկոլաևիչին, հանելով այդ պաշտոնից, ուղարկեց Կովկաս, փոխարքայի պաշտոնով։ Կոմս Վորոնցով-Դաշկովը գնաց մեռնելու իր անթիվ կալվածքներից մեկում։

Նոր թագավորություն էր, նոր կարգեր։ Թիֆլիսի պալատի դռները նորից ամուր փակվեցին հայ ֆավորիտների առջև։ Սկսվեց նորից բացարձակ, աղվեսայնությունից հնար եղածին չափ մաքրված քաղաքականություն։ Այդ Գոլիցինի կատաղի հայատյացությունը չէր, բայց հայասիրություն էլ չէր… Կամավորական խմբերի գոյությունն ավելորդ նկատվեց, և նրանց լիկվիդացիայի հարցը դրվեց հենց սկզբից։ Բյուրոն մնաց այդ լիկվիդացիան հետզհետե իրագործելու համար։ Հայոց հարց չէր մնում Նիկոլայ Նիկոլաևիչի համար։ Այնպես, որ երբ 1916-ի սկզբին ռուսները վերցրին Էրզրումը, առաջին կարգադրությունը, որ եղավ այդ առիթով, այն էր, որ հայերն իրավունք չունեն Էրզրում մտնելու։ Միաժամանակ եռանդուն գործունեություն սկսվեց Թուրքահայաստանը ռուսներով գաղութավորելու համար։ Մեզ արդեն հայտնի է գեներալ Յուդենիչի ծրագիրը։ Դրա հետ մեկտեղ քննվում էր և կազակների փոխարեն ռուսական ներքին նահանգներից հանված ազգաբնակչությամբ գաղութավորելու ծրագիրը։ Մինչ այս, մինչ այն՝ նոր փոխարքան հրամայեց հայտնել այն փախստականներին, որոնք վերադարձել էին Ալաշկերտի, Դիադինի և Բայազետի հովիտները և մշակում էին հողերը, թե նրանք կարող են այժմ միայն վարձով վերցնել այդ հողերը, իսկ ռուսական իշխանության հաստատումից հետո պիտի դուրս քշվեն այդ տեղերից։ Յուդենիչը կարգադրեց, որ հիշյալ երեք հովիտներում հողերը տրվեն բացառապես ռուսներին և կազակներին։ Ավելացնենք, որ Հայաստանը ռուսներով բնակեցնելու ծրագրեր իրագործողները միայն հիշատակված երեք հովիտներով չէին բավարարվում, այլև վերցնում էին իր բերրիությամբ հռչակված Մուշի դաշտը։

Վերջապես, ի լրումն ամենայնի, 1916-ի գարնանը, Անտանտի պետությունների միջև մի նոր համաձայնություն կայացավ Թուրքիան բաժան-բաժան անելու մասին։ Այդ համաձայնությամբ Ռուսաստանը ստանում էր ամբողջ Թուրքահայաստանը, իսկ Ֆրանսիան՝ Կիլիկիան։ Կատարվում էր այն, ինչ նախատեսված էր վաղուց, ինչ պետք է լիներ անխուսափելիորեն, ոչ թե քմահաճույքով, ոչ թե որևէ մեկին օգնելու, բարերարություն անելու համար, այլ ուժերի իրական փոխհարաբերությունների երկաթյա օրենքով։ Միակ տարրը, որ ընդունակություն չունեցավ հասկանալ այս օրենքը, այս կոպիտ, ամենակալ անխուսափելիությունը՝ հայերն էին։ Էլ ինչի՞ համար էին նրանք պատերազմի և ապստամբության մեջ խոթվում։ Էլ ինչի՞ համար կոտորվեց հայ ժողովուրդը։ Դժբախտ ժողովուրդ, որի առաջնորդները կույր էին, որ մի հիմար պաշտամունք էին դարձրել փորը, կուրծքն ու մեջքը փամփուշտների շարաններով ծածկած և մաուզերը բռնած կռվողներին, որոնց թիվը հատերով էր, տասնյակներով կամ շատ-շատ՝ հարյուրներով։ Հայ դոնքիշոտները կարծում էին այդ ուժով աշխարհ նվաճել, բայց նվաճեցին միայն դժբախտություն և վերջնական կործանում։ Թուրքերը հայերին կոտորում էին՝ նրանցից ազատվելու համար։ Բանից դուրս էր գալիս, որ եվրոպացիներին էլ շատ հարկավոր էր հայերի կոտորածը, այլապես ինչպե՞ս կարող էր ցարական Ռուսաստանը գաղութավորել հայկական նահանգները, իսկ հանրապետական Ֆրանսիան՝ Կիլիկիան։ Բայց նույն այդ Եվրոպան էր, չէ՞, մեր ամենամոլի, եռանդուն, ուշաթափության հասնող պաշտամունքը…

Թշվառ, թշվառ ժողովուրդ…