Home / Հայաստան / Ապագաղութացման հարցը․ բանախոսություններ և քննարկումներ Երևանում

Ապագաղութացման հարցը․ բանախոսություններ և քննարկումներ Երևանում

Ապրիլի 28, 29 և 30-ին, ժամը 18։30-ին ճարտարապետների միության դահլիճում (հասցեն` Բաղրամյան 17) կկայանա «Ապագաղութացման հարցը» խորագրով մշակութաբան Հրաչ Բայադյանի բանախոսությունների շարք։

«Ուտոպիանա․ամ» մշակութային հասարակական կազմակերպությունը հրավիրում է ներկա գտնվելու և մասնակցելու բանախոսություններին և դրանց հաջորդող քննարկումներին:

Ապագաղութացման հարցը

Վերջին ամիսներին շատ է քննարկվում Ռուսաստանի կողմից Հայաստանի գաղութացման կամ վերագաղութացման թեման: Արևելահայությունը Ռուսական կայսրության մեջ հայտնվել է մոտ 200 տարի առաջ, և էլ ավելի երկարատև է նրա այսպես կոչված «ռուսական կողմնորոշման» պատմությունը: Ուրեմն, կարելի է հարցնել, թե արդյո՞ք երբևէ կատարվել է ապագաղութացում, որպեսզի այսօր կարելի լինի խոսել (վերա)գաղութացման մասին: Առհասարակ, այս դեպքում տեղի՞ն են «գաղութացում», «ապագաղութացում», «ետգաղութային» և ամբողջ աշխարհում լայնորեն օգտագործվող այլ հասկացություններ: Բանախոսությունների այս շարքը փորձ է` դիտարկելու հայաստանյան իրադրությունը ապագաղութացման գլոբալ փորձառության համատեքստում` հայտնի պրակտիկաների ու տեսությունների, հարցադրումների ու մեկնաբանությունների օգնությամբ:

Բանախոսությունների թեմաներն են.

Բանախոսություն 1. Ինչպե՞ս մոտենալ արևելահայ (ռուսահայ, խորհրդահայ) պատմական փորձառությանը, արդյո՞ք վերջին տասնամյակի ընթացքում մշակված մոտեցումները (գաղութային դիսկուրսի տեսություն, ետգաղութային ուսումնասիրություններ և այլն) կիրառելի են Հայաստանի նկատմամբ:

Բանախոսություն 2. Հակագաղութային դիմադրություն և մտավորականություն (գրողներ, գիտնականներ, հետազոտողներ…):

Բանախոսություն 3. Ապագաղութացման գործընթացի խոչընդոտներն ու թակարդները:

Բանախոսությունները նախաձեռնել է Ուտոպիանա․ամ մշակութային հասարակական կազմակերպությունը ACTV նախագծի շրջանակներում։