Home / Հայաստան / Ինչու են առաջարկում վերացնել շքեղության հարկը․ քննարկում ԱԺ-ում

Ինչու են առաջարկում վերացնել շքեղության հարկը․ քննարկում ԱԺ-ում

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մեջլումյանն օրինագիծ են ներկայացրել, որով առաջարկում են վերացնել թանկարժեք մեքենաների ներկրման համար գանձվող շքեղության հարկը:

Ըստ պատգամավորների՝ գործող օրենքը հանգեցրել է նրան, որ մարդիկ թանկ՝ 25 միլիոն դրամ և ավել արժեք ունեցող մեքենաներ չեն գնում ու չեն ներկրում Հայաստան, քանի որ ստիպված են ավտոմեքենայի գնի 20 տոկոսի չափով հարկ վճարել: Այվազյանի խոսքով՝ եթե շքեղության հարկը հանվի, կավելանան բյուջետային մուտքերը, քանի որ մեծ թվով մեքենաներ կներկրվեն:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համարում է, որ ծրագիրը բացառապես ֆիսկալ նպատակներ ունի, և սա միայն մի քանի մարդկանց համար է արվում, ովքեր ցանկանում են թանկ մեքենաներ գնել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշել է, որ օրենքի առաջադրումը հիմա պատահական չէ, քանի որ 2015 թվականից, երբ Հայաստանը մտնի Մաքսային միություն, նոր տնտեսական տարածք, հարկման նոր համակարգ կգործի:

«Կարող է՝ սա նրա համար է, որ որոշ մարդիկ թանկ մեքենաները էժան գնով բերեն, հետո, երբ Մաքսային միություն մտնենք, վաճառեն թանկ գնով ու գերշահույթներ ստանան»,- ասել է Ռուստամյանը:

Նշենք, որ Այվազյանն ու Մեջլումյանը, ՀՅԴ-ականների հարցադրումներին պատասխանելով, ընգծել են ՀՅԴ-ի «ձախ» լինելը:

Դաշնակցականները չեն հերքել ու հայտարարել են, որ «ձախերը կողմ են հարուստների շատ հարկվելուն»:

Օրենքի մասին քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ առանց այն էլ Հայաստանում ավելի շատ թանկարժեք մեքենաներ կան, քան հարուստ եվրոպական երկրներում: