Home / Հայաստան / «Տղամարդավարի զրույց է պետք»․ Լուկաշենկոն՝ Հայաստանի ապագա Միության նոր անդամների մասին

«Տղամարդավարի զրույց է պետք»․ Լուկաշենկոն՝ Հայաստանի ապագա Միության նոր անդամների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ինտեգրումը չարժե վերածել գործընթացի հանուն գործընթացի։ Այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է ապրիլի 29-ին՝ Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, որին մասնակցել են Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Վլադիմիր Պուտինը։

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերին սկսել է Մաքսային միությանը անդամակցելու գործընթացը, սակայն նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում կայացած հանդիպմանը չի ներկայացել։ Բելառուսի նախագահը, սակայն, Միության պոտենցիալ անդամներին անուշադրության չի մատնել։ Լուկաշենկոն կարծում է, որ Միության արդյունավետության մակարդակից կախված կլինի, թե այն որքանով կհրապուրի մյուս երկրներին․ «Բայց միությունն էլ պետք է իր ընդլայնումից ավելի մեծ ամբողջականություն ձեռք բերի»։

«Մեզ որևէ մեկը չի շտապեցնում, բոլոր գրաֆիկներն ինքներս ենք հաստատում, բայց ինձ թվում է՝ չպետք է վերածել գործընթացի հանուն գործընթացի՝ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ՝ արդյունքը սկզբունքով»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ հավելելով․ «2015 թվականի հունվարի 1-ին մենք պետք է պատասխանենք մեր քաղաքացիների հարցերին՝ ո՞ւր ենք եկել, մեր պետություններն արդյունքում ի՞նչ են ստացել։ Մենք պետք է պատասխաններ ունենանք»։

Բելառուսական կողմի դիրքորոշումն այն է, որ նոր անդամներին պետք է ընդունել առանց որևէ հատուկ պայմանների կամ կարգավիճակների տրամադրման․ «Կարծում եմ, որ դա արդար կլինի, առաջին հերթին, այն երկրների նկատմամբ, որոնք ամբողջությամբ անցել են ինտեգրման գործընթացի բոլոր փուլերը»։

«Այսօր անկեղծ, կարելի է ասել, տղամարդավարի զրույցի անհրաժեշտություն կա։ Բելառուսը զարգացող իրավիճակի վերաբերյալ իր տեսակետերն ունի, ու մենք պատրաստ ենք անկեղծորեն, գործընկերների պես խոսել դրանց մասին, այնպես, ինչպես արել ենք մեր զրույցի առաջին հատվածում։ Մենք դրան շուրջ 2 ժամ էինք տրամադրել՝ փոխանակելով կարծիքներ տնտեսական հարցերի, ծագող խնդիրների, մեր հարաբերությունների հեռանկարների, ինչպես նաև միջազգային իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Լուկաշենկոն։