Գլխավոր / Հայաստան / Հովիկ Աբրահամյանը՝ նախկին վարչապետի մասին․ ««Սկանդալներ» ձևակերպման հետ համաձայն չեմ»

Հովիկ Աբրահամյանը՝ նախկին վարչապետի մասին․ ««Սկանդալներ» ձևակերպման հետ համաձայն չեմ»

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին գործադիրը ներկայացել էր գրեթե պատրաստ նոր կազմով: Նիստը առաջին անգամ վարում էր նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը:

Հարցուպատասխանին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարցրել է՝ արդյոք նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է բացահայտել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժառանգած սկանդալային պատմությունները՝ օֆշորային սկանդալը, Որոտանի վաճառքի հարցը, գազային պայմանագրերի վավերացումը և կուտակային համակարգի ծրագիրը: Մանուկյանը հիշեցրել է, որ նոր վարչապետին Սերժ Սարգսյանը հորդորել էր չզբաղվել քննադատությամբ:

Պատասխանելով հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ իր սկզբունքը թափանցիկ կառավարումն է:

«Ես պատասխանատվություն վերցնող եմ և գիտակցելով եմ համաձայնել այդ պաշտոնը ստանձնել: Տիգրան Սարգսյանն ունեցել է թերություններ, սակայն համաձայն չեմ «սկանդալներ» կամ այլ ձևակերպումների հետ: Ես աշխատելու եմ թափանցիկ»,- ասել է Աբրահամյանը:

Նա կոչ է արել ընդդիմությանը համագործակցել կառավարության հետ, սակայն ոչ ուլտիմատումների լեզվով:

Վարչապետը հիշեցրել է, որ ՀԱԿ-ը մերժել էր մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իր նախաձեռնած քննարկումներին, թեև այդ առաջարկը դեռ մնում է ուժի մեջ:

«Մենք ասելու ենք այն, ինչ անելու ենք, ավելի լավ է քիչ գրել, շատ անել, անձնական ամբիցիաները թողնենք մի կողմ: Մեր երկրի առջև ծառացած են շատ խնդիրներ»,- ասել է Աբրահամյանը: